Աղքատություն


Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում, բնակչությունն ու իշխանություններն արմատապես տարակարծիք են կենսամակարդակի հարցում։ Պաշտոնական վիճակագրությունը խոսում է աղքատության նկատմամբ հաղթանակի մասին։ Սակայն փորձագետներն ու հարցումները վկայում են, որ այս պնդումներն առասպելներ են։
Ինչպե՞ս է

դա լինում
Հայաստան
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աղքատության մակարդակը 2021 թ․–ին Հայաստանում կազմել է 26.5 %: Սա նշանակում է, որ ամեն 3–րդ մարդն աղքատ է Հայաստանում։ 2020 թ.-ին այս ցուցանիշը կազմել է 27 %, որը 0.6 %–ով գերազանցում է 2019 թ․–ի տվյալները։ Ավելին՝ ծայրահեղ աղքատության մակարդակը 2021 թ․–ին կազմել է 1.5 տոկոս, որը 2.1 անգամ ավելի է 2020 թ․-ին արձանագրված ցուցանիշից՝ 0.7 տոկոս:

Ինչպե՞ս են հաշվարկվել այս թվերը

Ըստ Վիճակագրական կոմիտեի գնահատականների՝ 2021 թ․–ն աղքատ է համարվել այն մարդը, ով ամսական 57 744 դրամից [140$] քիչ է ծախսել:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ աղքատների մեջ շատ են գործազուրկները, սակայն աղքատությունը միայն նրանց խնդիրը չէ․ շատ են նաև աշխատանք ունեցող աղքատները։ Խնդիրն այն է, որ նրանց աշխատավարձը հաճախ շատ չի տարբերվում աղքատության վերին շեմի ցուցանիշներից։

Աղքատության վերին շեմին մոտ է աղքատ բնակչության 45.7 %–ը:



2020 թ․–ի 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանն ապրում է առավելապես միֆերի, քան իրականության մեջ։ Խոսքը ոչ միայն անվտանգային իրավիճակի մասին է, այլև ընդհանրապես կյանքի որակի։ Մի կողմից հայտարարվում է տնտեսական աճի, աշխատավարձերի բարձրացման և «ռեկորդային ցածր» գնաճի մասին, մյուս կողմից վիճակագրությունն այլ բան է փաստում։

Աղքատության մակարդակը բարձր է հատկապես մարզերում։
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում․ այստեղ բնակչության 48.1 %–ն աղքատ է։ Երևանում աղքատության ցուցանիշը 15.9 % է։

Բա՞րձր է աղքատության մակարդակը Հայաստանում
Մարգարիտա
40–ամյա Մարգարիտա Սարգսյանն այսօր տուն է եկել ծանր ձեռքերով՝ հաց, պանիր ու մակարոն։ Տան փոքրերի համար էլ անակնկալ ունի՝ գազավորված ըմպելիք, որ շռայլություն է այս ընտանիքի համար։ 2 սենյականոց վարձով բնակարանում ոչ մի նոր իր չկա, բայց ամեն ինչ մաքուր և կոկիկ է։ 6 երեխաների միայնակ մայրը երկու աշխատանք ունի, որ անում է հերթով՝ օրը 17 ժամ։ Այս ամենի համար վաստակում է ընդամենը 90 հազար դրամ ($220), ևս 60 հազար ($150) ստանում է պետությունից՝ որպես սոցիալական նպաստ։
Նոր կոշիկ կամ տաբատներ ստանում են միայն մեծերը
«Իմ ընտանիքի եկամուտը 150 000 դրամ է կազմում՝ ողջ ամսվա համար։ Սրանով պետք է ուտենք, հագնվենք, կոմունալ ծախսերը հոգամ, երեխաներին դպրոց ուղարկեմ։ Բախտս բերել է, որ երեխաներս շատ հասկացող են, երբեք չեն պահանջում ավելին, քան կարող եմ գնել։ Երբեմն զգում եմ, որ նեղվում են՝ հատկապես հագուստից, բայց երբեք դրա մասին չեն բարձրաձայնում։ Միայն երբեմն կատակում են, որ նոր կոշիկ կամ տաբատ ունենում են միայն մեծ երեխաները։ Մյուսները ստիպված կրում են նրանց փոքրացած իրերը»,– ասում է Մարգարիտան։

Այս տանը միս ուտում են շաբաթը մեկ անգամ՝ լավագույն դեպքում, միրգ՝ առիթից առիթ։ Հիմնական ուտելիքը հացաբուլկեղենն ու նպարեղենն է, որ շուտ է հագեցնում և համեմատաբար ավելի էժան է։
Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը վերջին անգամ փոխվել է 2020 թ․–ին՝ մինչև 44–օրյա պատերազմը, 55 000 դրամից ($140) դառնալով 68 000 դրամ ($160)։ Հետպատերազմական շրջանում, սակայն, Հայաստանի իշխանությունները պնդում են՝ կյանքը երկրում լավացել է՝ ոչ ավել, ոչ պակաս 60-70 %–ով։
«Եթե համեմատենք, թե որքան է մեկ աշխատողի աշխատավարձի աճը 5 տարի առաջվանից՝ դա մոտավորապես 60-70 %–ով ավելի բարձր է, քան այն ժամանակ։ Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները, այսինքն՝ գնաճից հետո»,– հայտարարում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Սակայն նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը դա չի հաստատում։
• 2017 թ․–ի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ [$467]։

• 2021 թ․-ն այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ [$500]

• այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ [$590]։

Այսինքն, վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48,400 դրամով [$120], կամ 25․7 տոկոսով, այլ ոչ՝ 70։
Գնաճը գերազանցում է աշխատավարձերը
Բայց սա, իհարկե, մեդալի միայն մի կողմն է։ Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին գրանցված երկնիշ գնաճը, աշխատավարձի փոփոխությունը էականորեն չէր կարող ազդել մարդկանց կյանքի որակի վրա։ Վերջին 5 տարիներին գնաճը կազմել է 25.5 %:
Սննդամթերքի գների ռեկորդային աճ
2021 թ․–ին Հայաստանում գրացնվել էր 13,9 % գնաճ

• հացը թանկացել էր 8,6 %-ով,
• միսը՝ 9,7 %-ով,
• ձուն՝ 51,3 %-ով,
• կարագը՝ 15,9 %-ով,
• շաքարը 39,4 %-ով,
• պահածոյացված կաթը՝ 10,4 %-ով։

2022 թ․–ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 8,1 %-ով, որը վերջին տասը տարիների ամենաբարձր ցուցանիշն է։

• սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 17,1%,
• հագուստի և կոշիկի՝ 10,5%,
• բնակարանային ծառայությունները (ջուր, էլեկտրաէներգիա, գազ)՝ 6,7%.
• Բանջարեղենի և մրգերի գները աճել են համապատասխանաբար 45,8 և 16,2 %-ով։

Երկնիշ գնաճ է նկատվել՝

• հացաբուլկեղենի և ձավարեղենի (19,9%),
• մսի (11,6%),
• կաթնամթերքի և ձվի (11%) գներում։

Ամենափոքր աճը եղել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների (8,1%), շաքարի և շաքարավազի (6,9%) և յուղերի և ճարպերի (5,1%) գներում։
Չնայած այս թանկացումներին՝ վերջին տարվա ընթացքում կենսաթոշակների և սոցիալական նպաստների էական ավելացում չի եղել․ դրանք ավելացել են միջինում 1000 դրամով ($2,5):

Համեմատենք՝

Հայաստանում 2021 թ․–ին նվազագույն պարենային զամբյուղը (սնունդ) 37 861 դրամ է [$79]։

Նվազագույն սպառողական զամբյուղը (սնունդ և ծառայություններ)` 70 044 դրամ [$145]։

Նվազագույն սոցիալական նպաստը 18 000 դրամ է [$37]:

Այսինքն, նպաստը կրկնակի քիչ է նվազագույն պարենային զամբյուղի արժեքից։

Այս շեմին չի բավարարում նաև նվազագույն կենսաթոշակը՝ 26 500 դրամ [$65]։
Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները հայտարարում են երկնիշ տնտեսական աճի մասին։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ երկրում անցնող տարվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 13.1 %-ով։

Տեղացի փորձագետները նշում են, որ երկնիշ տնտեսական աճը բնակչության կյանքի որակի հետ որևէ կապ չունի։

Մասնավորապես, նշված 13% աճի 11.45 տոկոսային կետը միայն առևտրի և ծառայությունների հաշվին է՝ հատկապես բանկային գործարքների։
Աճը գրանցվել է միայն ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստանում ապաստանած միգրանտների հաշվին։ Իսկ մնացած 1,55 տոկոս իրական տնտեսական աճը կրկնակի քիչ է 2022թ․ համար Համաշխարհային բանկի կանխատեսումից՝ 3,5 %:
Մարգարիտա
Մարգարիտայի բնակարանում 1990–ականներից մնացած վառարանի առջև խնամքով շարված է կտրտած փայտի կույտը։ Ամռանն է գնել՝ խնայած գումարով։ Վառարանը վառում են օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, երբ բոլորը տանն են։ Լուսամուտները պատված են ցելոֆանով, որ տաքությունը երկար պահպանվի։

«Մի քանի օրից Նոր տարի է։ Շուրջբոլորը պատրաստվում են տոներին։ Միայն տեսնեք, թե խանութներում ինչ իրարանցում է։ Մեր տանն էլ տոնական ընթրիք կունենանք, հավի միս՝ կարտոֆիլով, մանդարին, հյութ։ Սա, իհարկե, այն չէ, ինչ ես երազում եմ զավակներիս համար, բայց ավելին հնարավորություն չունեմ անելու»,– սրտնեղում է 6 երեխաների մայրը։
Հեղինակ՝
Սոնա Մարտիրոսյան

Լուսանկարները՝
Հակոբ Հովհաննիսյանի

Տեսանյութը՝
Արման Ղարաջյանի
Վրաստան
2022 թ-ի վերջին Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ «երկրում աղքատության մակարդակը պատմական նվազագույնին է հասել»։

«Պատմական նվազագույնի» մասին է խոսել նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում նոյեմբերի վերջին գործազրկության մասին խոսելիս։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում երկրում ստեղծվել է ավելի քան 100 հազար նոր աշխատատեղ, կրճատվել է աղքատությունն, իսկ «գործազրկությունը հասել է պատմական նվազագույնին»։

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն էլ խոստացել է, որ այս տեմպերով Վրաստանը մինչև 2030 թ-ը վերջնականապես «չեզոքացնելու է աղքատությունը»։

Սակայն հարցումներն այլ պատկեր են ցույց տալիս․ IRI հարցման համաձայն՝ գործազրկությունը, աղքատությունն ու գների աճը դեռևս բնակչության երեք գլխավոր խնդիրներն են։ NDI-ի կողմից հարցվածների 75 տոկոսը կարծում է, որ վերջին 10 տարում աղքատության հետ կապված իրավիճակը չի բարելավվել, այլ ընդհակառակը, վատթարացել է։
Բա՞րձր է աղքատության մակարդակը Վրաստանում
Էկա (անունը փոխված է)
«Ես 38 տարեկան եմ, ապրում եմ Քոբուլեթիում ամուսնուս և երկու երեխաներիս հետ։ Մենք սեփական տուն չունենք, դատարկ շենքում ենք տեղավորվել, որտեղ նախկինում վիճակագրության դեպարտամենտն էր, չգիտեմ՝ մեզ երբ դուրս կհանեն։ Իմ ընտանիքն ապրում է աղքատության բացարձակ շեմից այնկողմ»։
Ամռանն աշխատանքն ավելի շատ է
«Մենք ստանում ենք 540 լարի [մոտ $200] սոցիալական նպաստ։ Դա չորսիս հիմնական եկամուտն է։ Բացի այդ, ես նաև տներ և հյուրանոցներ եմ մաքրում։ Աշխատանքն ավելի շատ է ամռանը, երբ զբոսաշրջիկներ կան։ Երբ սեզոն չէ, աշխատանք չկա։ Եթե բախտս բերում է, շաբաթը մեկ ինչ-որ մեկի տունն եմ մաքրում։

Ամուսինս չի կարող աշխատել՝ առողջական վիճակից ելնելով, բայց կենցաղային հարցերում շատ է օգնում, ամբողջ օրը երեխաների հետ է»։
«Մանկությունս էլ է դժվար անցել։ Ծնվել եմ Քոբուլեթիի շրջանի Դագվաշի գյուղում։ Վեց եղբայր ու քույր էինք։ Մայրս 33 տարեկան էր, երբ այրիացավ։ Հայրս աշխատում էր Բաթումում՝ հեռախոսային կապի ծառայությունում։ Մի անգամ ինչ-որ տեղ կապը կտրվել է, նա գնացել է նորոգելու, և պարզվել է, որ ինչ-որ մեկը հոսանքի լարը հեռախոսին է միացրել։ Հիշո՞ւմ եք, այն ժամանակ՝ 1990-ականներին, մարդիկ ինչ-որ էլեկտրական լարեր էին քաշում, քաոս էր տիրում։ Նա հոսանքահարվել է և մահացել 38 տարեկանում։

Մնացել ենք մենք՝ չորս քույր ու երկու եղբայր։ Խեղճ մայրս մեզ համար և մայր էր, և հայր, և տատ, և պապ։ Նա առավոտից մինչև գիշեր աշխատում էր, վաճառքի համար մթերք էր աճեցնում, հավ էր պահում, ինքն էլ քաղաք էր տանում, վաճառում։ Այն ժամանակ բոլորն էին աղքատ ապրում, բայց, միևնույն է, մենք ուրիշներից ավելի աղքատ էինք», - պատմում է Էկան։
Եթե նայենք միայն վիճակագրությանն, ապա վերջին 10 տարում աղքատությունը Վրաստանում իրոք նվազում է։

Վրաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2012 թ-ին բնակչության 30 տոկոսն եղել է բացարձակ աղքատության շեմին։ 2021 թ-ին, այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 17,5 տոկոս։
Դա կազմում է 645 հազար մարդ 3,7 մլն բնչությամբ երկրում։

Այսինքն՝ կարելի է պնդել, որ Վրաստանի մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ բնակիչն ապրում է բացարձակ աղքատության մեջ։

Եվ սա ինքնին բավականին բացասական մի բան կլիներ։ Բայց խնդիրն այն է, որ իրականում այդ թիվը շատ ավելի մեծ է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես հաշվել։
Կենսաապահովման նվազագույն գումարի խճճվածությունը
Բացարձակ աղքատությունն այն է, երբ մարդը կամ ընտանիքն ապրում է կենսաապահովման նվազագույն շեմից ներքև։ Սակայն այս հաշվարկն այնքան հարաբերական է, որ հազիվ թե դրա հիման վրա հնարավոր լինի եզրակացություններ անել երկրում աղքատության մակարդակի մասին։

ՄԵԿ ԼԱՐԻ ԱՎԵԼԻ՝ ԵՎ ԱՐԴԵՆ ԱՂՔԱՏ ՉԵ՞Ս

Օրինակ՝ պայմանականորեն, եթե կենսաապահովման նվազագույն գումարը կազմում է 100 լարի, ապա նրանք, ովքեր դրանից քիչ եկամուտ ունեն, աղքատ են համարվում։ Իսկ նրանք, վքեր 101 լարի են ստանում, արդեն աղքատ չեն համարվում։ Եվ էլ չեն ներառվում պաշտոնական վիճակագրությունում։
ԵԹԵ ԱՃԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ, ԻՆՉՊԵ՞Ս Է ՆՎԱԶԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես ասում են փորձագետները, վիճակագրական տվյալների վերլուծության ժամանակ կարևոր է իմանալ, թե ինչ գործոններ են բերում աղքատության մակարդակի նվազման։
Օրինակ՝ աղքատության բացարձակ մակարդակը 2021 թ-ին նվազել է։

Սակայն վիճակագրությունն ասում է, որ գործազրկությունը ոչ միայն չի նվազել, այլև ընդհակառակը, կտրուկ աճել է։ Հարց է առաջանում․ ուրեմն ինչպե՞ս է մի քանի հազար մարդ հաղթահարել աղքատությունը, եթե աշխատանքը եղածից ավելի է պակասել։
ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ, ԵՎ ԱՐԴԵՆ ԱՂՔԱՏ ՉԵ՞Ս

Վրաստանում աղքատության կրճատման պաշտոնական ցուցանիշների վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկը սոցիալական օգնությունն է։ Եթե մարդը գոյատևման համար նվազագույն միջոցներ ունի, վիճակագրությունը նրան աղքատ չի համարում, և կարևոր չէ, թե որտեղից է նրան փողը։

Օրինակ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ պետությունը բազմաթիվ սոցիալական փոխանցումներ է իրականացրել․ շատերը սոցիալական օգնություն են ստացել, այդ շրջանում ավելացել են երեխաներին հատկացվող դրամական օգնությունն ու մնացած սոցվճարները։
Այժմ երկրի բնակչության շուրջ 17,6 տոկոսը, կամ ավելի քան 655 հազար մարդ սոցիալական օգնություն է ստանում։

Քանի որ բացարձակ աղքատության շեմից ներքև ապրող մարդկանցից շատերը, շնորհիվ այդ նպաստների, լրացուցիչ գումար են ստացել, նրանք ինքնաբերաբար դուրս են մնացել բացարձակ աղքատության ցանկից։

Այսինքն՝ այդ մարդիկ չեն «հարստացել» որևէ տնտեսական գործունեության արդյունքում, այլ պարզապես սոցիալական նպաստ են ստացել։
Եվ ստացվում է, ինչպես նշում են անկախ տնտեսագետները, որ իրականում ոչ թե աղքատության ցուցանիշն է պատմական նվազագույնի հասել Վրաստանում 2022 թ-ին, այլ սոցիալապես անապահով մարդկանց թիվն է հասել պատմական առավելագույնին։
Էկա
«Մեզնից ոչ ոք 9-րդ դասարանից ավելին չի սովորել։ Միայն եղբայրս է ավարտել ռազմածովային տեխնիկումը, սակայն չի կարողացել իր մասնագիտությամբ աշխատել։ Մայրս, մենակ լինելով, չի կարողացել իրեն թույլ տալ մեզ ուսման տալ։ Մենք նաև չէինք կարող մեզ շքեղություն թույլ տալ և ամբողջ օրը դաս անել։ Ես մորս օգնում էի տնային հարցերում, ավագ քույրս ուտելիք էր պատրաստում և տան գործերն էր անում, եղբայրներս բեռնակիր էին աշխատում, որպեսզի մի քիչ փող բերեն տուն։

Ցավոք, մեզնից ոչ ոք չի կարողացել աղքատությունից դուրս գալ։ Մենք բոլորս մեր ճանապարհով ենք գնացել, քույրերս ամուսնացել են, եղբայրներս կին ունեն, սակայն մեզ բոլորիս համար հիմա ծանր է։ Այնուամենայնիվ, մենք թիմ ենք և օգնում ենք միմյանց։

Երբ հետ եմ նայում, կարծում եմ, որ կարող էի դիզայն սովորել։ Ես լավ էի նկարում, սիրում էի ինչ-որ հագուստներ հորինել, ձեռքի աշխատանք անել՝ կարել, գործել։ Եվ այժմ, երբ երեխաներս մի բան չեն ունենում, ասենք՝ գուլպա չունեն, կամ սվիտեր, կամ գլխարկ, մի գիշերում գործում եմ։ Ցերեկը դրա համար ժամանակ չունեմ»։
Վարսավիր դառնալ և սեփական եկամուտ ունենալ
«Ընտանիքս ամենամեծ սոցիալական փաթեթն է ստանում։ Ամսական ստացվում է 540 լարի [մոտ $200]։ Ես թաքցնում եմ տներ մաքրելուց ստացած եկամուտը։ Եթե, Աստված չանի, գեթ մեկ անգամ փոքրիկ գումար փոխանցեն բանկային քարտիս, վերջ, սոցիալական օգնություն կարող են էլ չտալ։

Ամենամեծ երազանքս սեփական տուն ունենալն է։ Այստեղ՝ Քոբուլեթիում, ապրում ենք 12 անօթևան ընտանիքներով։ Նրանք գալիս են մեզ վռնդելու, իսկ մենք չենք գնում։ Տեղ չունենք գնալու։ Բացի այդ, ուզում եմ գեղեցկության փոքր սրահ ունենալ։ Կսովորեի մազ կտրել և հարդարել, սեփական եկամուտ կունենայի։

Ես ամեն ինչ անում եմ, որ երեխաներս լավ սովորեն։ Ես նրանց անընդհատ ասում եմ, որ ոչինչ չունենք, և նրանք կարող են ինչ-որ կերպ հաղթահարել այս աղքատությունը, եթե գիտելիք, մասնագիտություն ստանան։ Երկու աղջիկ ունեմ՝ 13 և 8 տարեկան։ Նրանք վատ չեն սովորում, բայց այնքան էլ ջանք չեն գործադրում։ Համավարակն ու հեռավար ուսուցումը մեզ բավականին հետ գցեցին։ Կրտսեր աղջիկս շատ էմոցիոնալ է, սրտնեղում է, որ մենք ու մեր մյուս հարևանները տուն չունենք։ Այդ պատճառով էլ ասում է, որ ճարտարապետ է դառնալու, մեծ տուն է կառուցելու բոլոր նրանց համար, ովքեր ապրելու տեղ չունեն»։
Հեղինակներ՝
Մագդա Գուգուլաշվիլի, Սոֆո Զեդելաշվիլի
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ-ի հունվարի 1-ի դրությամբ՝ երկրում աղքատության մակարդակը կազմել է 5,9 տոկոս։ Ադրբեջանում այդ պահի դրությամբ բնակվում էր ավելի քան 10,1 մլն մարդ, հետևաբար, աղքատները՝ 600 հազար էին։

Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան մեկ տարի առաջվանը, որը 6,2 տոկոս էր։ Սակայն զգալիորեն գերազանցում է 2019 թ-ի աղքատության մակարդակը, այսինքն՝ կորոնավիրուսի համավարակից առաջ եղած ցուցանիշը՝ 4,8 տոկոսը։
Ադրբեջանում աղքատությունը պաշտոնապես չափվում է՝ Պետական վիճակագրական ծառայության փաստաթղթի համաձայն, որը կոչվում է «Տնային տնտեսությունների ախտորոշում»։ Այստեղ հիմնական ցուցանիշ է համարվում մեկ մարդուն բաժին ընկնող սպառողական ծախսերի ծավալը, այսինքն՝ այդ նույն կենսաապահովման նվազագույն գումարը։
2023 թ-ի հունվարի 1-ից այն Ադրբեջանում հավասար կլինի 246 մանաթի [մոտ $145]։

Եթե ընտանիքի ամսական եկամուտը դրա անդամների վրա բաշխելիս ավելի քիչ է, ապա այդ մարդիկ աղքատ են համարվում։

Այս մոտեցումը նույն ռիսկերն է կրում, որոնք մանրամասն ներկայացրինք Վրաստանի օրինակով։ Եթե մարդ 150 մանաթ է վաստակում, դա ոչ մի կերպ չի փոխում նրա վիճակը։ Սակայն աղքատության վիճակագրությունում այդ մարդիկ չեն ներառվում։ Նաև եթե ընտանիքը սոցիալական օգնություն է ստանում, անգամ՝ միանվագ, ապա նույնպես աղքատների ցանկում չէ։

Բայց ևս մի բաղադրիչ կա, որը բնորոշ է հենց Ադրբեջանին, որն աղքատության ամբողջ վիճակագրությունը միֆական է դարձնում։

Ըստ տարբեր փորձագետների՝ անգամ թարմացված կենսաապահովման նվազագույն գումարն իրականում այդպիսին չէ։ Ադրբեջանում այդ գումարով ապրել անհնար է։
Ի՞նչ կարելի է գնել կենապահովման նվազագույն գումարով։ Մեկ տարվա հաշվարկ։
Մթերք

• 136,8 կգ հաց և հացաբուլկեղեն (օրական 375  գրամ),
• 54,8 կգ կարտոֆիլ (օրական 150 գրամ),
• 32,9 կգ միս, այդ թվում՝ թռչնամիս (օրական 90 գրամ),
• 7 կգ կարագ (օրական 19 գրամ),
• 7,7 կգ ձուկ և ձկնամթերք (օրական 21 գրամ),
• 10,9 կգ ձեթ, մարգարին և այլ յուղեր (օրական 29 գրամ)։

Հագուստ

• վերարկու և այլ վերնահագուստ՝ 3 հատ 8 տարում,
• ներքնազգեստ՝ 9 հատ 2,5 տարում (մեկ հատ 102 օրում),
• գուլպա՝ 7 զույգ 1,5 տարում (մեկ զույգ 78  օրում),
• կոշիկ՝ 6 զույգ 3,5 տարում (զույգը 213 օրում),
• ինտերնետ՝ օրական 1 ժամ ամբողջ ընտանիքի համար։
Բա՞րձր է աղքատության մակարդակը Ադրբեջանում
Տիկին Սոնա
Սոնա հալան (մորաքույր Սոնա), ինչպես նրան հարևաններն են անվանում Բաքվի կենտրոնից ոչ հեռու գտնվող Սաբունչի ավանում, ապրում է հին վագոնում։ Ապրում է որդու, հարսի և երկու թոռների հետ։ «Մենք սեփական տուն չենք ունեցել, ամուսինս ժամանակին այս վագոնն է գտել, այստեղ՝ ավանում է դրել, և այդ օրվանից էլ ապրում ենք այստեղ», - ասում է նա։

Ամուսնու մահից հետո Սոնան ստիպված է եղել բավարարվել միայն հաշմանդամության նպաստով․ «Երկրորդ խմբի հաշմանդամ եմ, ստանում եմ ընդամենը 130 մանաթ [մոտ $78]։ Չեմ աշխատում, կերակրողի կորստի համար նույնպես ոչինչ չեն վճարում։ Սա է այն ամենն, ինչ ստանում եմ մեկ ամսում»։
Միսը չափազանց թանկ է մեզ համար, բայց պատահում է, որ հարևանները հյուրասիրում են
Սոնայի որդին նույնպես չի աշխատում, պատահական գործերով է փող աշխատում։ «Լինում է, որ հարևաններից մեկի հատակը պետք է լինում փոխել կամ էլ պարկերով ավազ է պետք մի տեղ տանել։ Գնում-աշխատում է, փող է բերում։ Բայց մեր ժամանակներում դա ինչի՞ն է հերիքում», - ասում է Սոնան։

Ամբողջ գումարը ծախսվում է դեղորայքի և երեք տարեկան թոռան համար մանր-մունր քաղցրեղենի վրա։ Մթերք են գնում միայն այն փողով, որը որդին է բերում․ «Տարբեր ապուրներ ենք պատրաստում, երբեմն չոր կերակուր էլ է լինում։ Նայած, թե որքան գումար է մնում մթերքի համար։ Միս, իհարկե, չենք վերցնում, այն չափազանց թանկ է»։

Առանց ոսկորի մսի կիլոգրամը Բաքվում այժմ արժե 17 մանաթ [շուրջ $10]։ «Բայց ընդհանրապես առանց մսի էլ չենք մնում։ Հարևաններն ու ծանոթներն են բերում, երբ Կուրբան բայրամն է կամ մեկը ոչխար է մատաղ անում։ Մեզ այստեղ բոլորը գիտեն։ Հասկանում են, որ օգնության կարիք ունենք։ Ով ինչով կարողանում է, օգնում է», - ասում է Սոնան։
«Ըստ գործող օրենսդրության՝ կենսաապահովման նվազագույնից ցածր գումար ոչ ոք չի կարող ստանալ։ Բայց Սոնայի նպաստն ակնհայտորեն չի հասնում ադ մակարդակին։

Նրա որդին կարող է նաև դիմել զբաղվածության կենտրոններ։ Եթե նրա համար աշխատատեղ չգտնվի, պետությունը պարտավոր է նրան ամսական նյութական օգնություն ցուցաբերել՝ կենսաապահովման նվազագույն գումարի չափով։ Եվ ոչ միայն նրան, այլև նրա կնոջն ու որդուն», - ասում է տնտեսագետ Ալի Ահմեդովը։

Արդյո՞ք դա նրանց կօգնի գոյատևել, այլ հարց է։
Ադրբեջանի բնակչության կեսից ավելին աղքատության վտանգի առջև է
Ադրբեջանի վիճակագրական ծառայության տարբեր տվյալները բնակչության կենսամակարդակի մասին անգամ հակասում են միմյանց։ Ինչպես արդեն նշել ենք, պաշտոնապես հայտարարվել է, որ բացարձակ աղքատության մեջ ապրողների թիվը 5,9 տոկոս է։

Սակայն այդ նույն ծառայությունը 2021 թ-ին պաշտոնական հարցում է անցկացրել 17 հազար տնային տնտեսություններում։ Ըստ արդյունքների՝ դրանք բաժանել են 10 տիպի՝ ելնելով եկամտի մակարդակից։ Ամենացածր տիպին է պատկանում ընտանիքների 10 տոկոս-ը, որոնց ամսական եկամուտը մեկ մարդու հաշվարկով չի գերազանցում 171 մանաթը [մոտ $100]։ Մյուս խմբում ներառվել է ընտանիքների այն 10 տոկոսը, որոնցում մեկ հոգուն բաժին է ընկնում 210 մանաթ [մոտ $124]։

Կենսաապահովման նվազագույն գումարն այն ժամանակ կազմում էր 205 մանաթ [շուրջ $121]։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ աղքատության շեմից ներքև ապրում է ոչ թե բնակչության 5,9 տոկսն, այլ ոչ պակաս, քան 20 տոկոսը։
Մոտավորապես նույնպիսի եզրակացություններ են անում նաև միջազգային կազմակերպությունները։ Համաշխարհային բանկի 2019 թ-ի հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանում աղքատության մակարդակը կազմել է 24 տոկոս։ ՀԲ-ը կարծում է, որ մայրաքաղաք Բաքվում աղքատության մակարդակը կազմում է 16 տոկոս։

Միջազգային փորձագետներն այն ժամանակ հայտարարեցին, որ Ադրբեջանում գյուղական բնակչության 57 տոկոսն ապրում է աղքատության վտանգի ներքո։ Այլ կերպ ասած՝ նրանք ներկա պահին աղքատ չեն համարվում, սակայն այնքան մոտ են այդ շեմին, որ ցանկացած տնտեսական կամ այլ խնդիրների դեպքում համալրելու են աղքատների շարքերը։
Հեղինակ՝
Սևգի Իսմայիլբեյլի

Լուսանկարները՝
Գյուլանդամ Հադիսովայի
Made on
Tilda