Երեխաներ, կործանիչներ և տանկեր

Բաքվում տեխնոլոգիական փառատոնը քննարկումներ է առաջացրել այն մասին, թե արդյոք նորմալ է կործանիչներ օդ բարձրացնել մի երկրի մայրաքաղաքում, որը վերջերս է պատերազմի միջով անցել
16.08.22

Կործանիչների ոռնոցը պատերազմի հետ է ասոցացվում։ Իմ տրամաբանությամբ՝ մարդկանց մեծ մասի մոտ այն վախ և խուճապ է առաջացնում, ամենաքիչը՝ տագնապ և տհաճության զգացում։ Բայց Ադրբեջանի իշխանության տրամաբանությունն այլ է, որով, հավանաբար, այն առաջնորդվել է՝ կազմակերպելով Teknofest-2022-ը։ Հաճելի չէ խոստովանել, բայց հաշվարկը ճիշտ էր։

Միջոցառումն անցկացվել է Բաքվում մայիսի վերջին և ներկայացվել՝ որպես աերոտիեզերական և տեխնոլոգիական փառատոն։ Սակայն քաղաքացիների մեծ մասի մոտ այն տպավորվել է նրանով, որ քաղաքի երկնքում մի քանի օր աղմկում էին կործանիչները։ Դա դարձել էր քննարկման գլխավոր թեմաներից մեկը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։

Մարդիկ կային, որոնք անհանգստացած էին պատերազմի վետերանների հոգեկան առողջության համար, և ոչ միայն նրանց։ Հազիվ թե վետերանները կարոտած լինեին այդ ձայները, գրում էին նրանք, երկրի մյուս քաղաքացիներն էլ, որոնք վերջերս են պատերազմ վերապրել, այս կամ այն չափով ճնշված են։

Սակայն օդային ներկայացումից դժգոհներին միանգամից ամոթի սյանը գամեցին անհայրենասեր լինելու համար։ Բաքվեցիներից շատերը, իրենց իսկ խոսքով, ուրախություն և հպարտություն են զգացել, այլ ոչ թե վախ։

Պրակտիկան ցույց է տալիս, որ մարդկանց կարելի է սովորեցնել հակաբնական էյֆորիա զգալ կործանիչների ձայներից։ Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին․ ցանկացած հասարակություն ներշնչվող է, և ռազմականացնելն ավելի հեշտ է, քան խաղաղարար գաղափարներ տարածելը։ Իմ կարծիքով՝ դրանից էյֆորիան պակաս հակաբնական չի դառնում։ Իսկ գլխավորն այն է, որ դեռևս ոչ մի հասարակության համար դա օգտակար չի եղել։
Այդ պատճառով էլ զարգացած երկրներում այդ ամենն աստիճանաբար դուրս է գալիս շրջանառությունից՝ ռազմականացումը, ռազմական շոուները, շքերթները, պատերազմի ռոմանտիզացիան, թեև, իհարկե, ավելի դանդաղ, քան ցանկալի կլիներ։

Հաղթանակի օրերի տոնումը «տեսեք, թե ինչ հոյակապ տանկեր ունենք, կարող ենք կրկնել» ոճով փոխարինվում է զոհվածների հիշատակի օրերով և «միայն թե չկրկնվի» կարգախոսով։ Լոնդոնում, օրինակ, ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը հոգեհանգստի արարողություն է անցկացվում հուշարձանի մոտ՝ ի հիշատակ համաշխարհային երկու պատերազմներում զոհվածների, և ոչ մի ռազմական շքերթ չի լինում։

Ռազմական համազգեստ հագած երեխաներն արդեն գորովանք չեն առաջացնում։ Ընդհակառակը՝ այդ ավանդույթին դեմ են արտահայտվում ավելի ու ավելի շատ հոգեբաններ (հիմնականում՝ ռուսաստանցի, քանի որ այդ ավանդույթը տարածված է գլխավորապես Ռուսաստանում և հետխորհրդային տարածքում)։

Իսկ «կանայք ծնում են ապագա հերոսների» արտահայտության համար քաղաքակիրթ հասարակությունում կարելի է քննադատության արժանանալ ոչ միայն ֆեմինիստների, և ոչ միայն կանանց կողմից, քանի որ այն կմեկնաբանվի որպես՝ «կանայք մսաղացի միս են ծնում»։

Եվ երեխաների մասին։ Ադրբեջանական ընդդիմությունն, արդեն հաստատված ավանդույթի համաձայն, նույնիսկ ավելի մեծ ռազմատենչություն է դրսևորում, քան կառավարությունը։ Օրինակ՝ հայտնի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն վերջերս է իշխանությանը բողոքել, թե այն թույլ չի տալիս երեխաներին բարձրանալ Ռազմավարի պուրակի տանկերի վրա։ Ադրբեջանցի հակամիլիտարիստները դրանից հետո մեկ շաբաթ շարունակ նրան ծաղրում էին։ Եվ, մի կողմից, մի քիչ անհարմար է Յագուբլուին ծաղրելը, չէ՞ որ նա ղարաբաղյան առաջին պատերազմի վետերան է և նախկին քաղբանտարկյալ։ Բայց մյուս կողմից՝ այդպիսի փորձ ունեցող մարդուց սպասում ես ավելի կառուցողական քննադատություն ևառաջարկներ։
Եվ կրկին նույն պարադոքսը․ Յագուբլուն մեծամասնության կարծիքն է արտահայտում, երեխաներն էլ ուրախ կլինեին տանկերի վրա խաղալ։ Բայց մեծերը հենց դրա համար են, որ հասկանան․ երեխաներին ուրախություն պատճառող ամեն ինչ չէ, որ օգտակար է նրանց հոգեբանական և ֆիզիկական առողջության համար։

Ինքս էլ եմ երեխա եղել, և ինքս էլ էի սիրում պատերազմ-պատերազմ խաղալ, հրացանակիր դառնալ և ավազակների դեմ դուրս գալ։ Երեխաներին (շատ մեծերի էլ) դուր է գալիս պայքարը, գուցե հարցը մեր հոգեկառուցվածքն է, կամ էլ պատմականորեն է այդպես ստացվել, չգիտեմ։ Սակայն քաղաքակրթության խնդիրը հենց այն է, որ փոխի պատմականորեն ձևավորված բաները և վերահսկողության տակ առնի մարդկությանը բնորոշ ագրեսիան, այլ ոչ թե սնի այն։ Ազատվի ուժի և բռնության պաշտամունքից։

Պատերազմի ռոմանտիզացումը գեղեցիկ պատկերի ստեղծում է, որը թաքցնում է տրամաբանական, առողջ ասոցիացիաները։ Տանկն ու կործանիչը նշանակում են պատերազմ, զանգվածային սպանություններ, հարյուրավոր կյանքեր՝ մեկի գնով, ավերված քաղաքներ, ծուխ ու խավար։ Առանց գեղեցիկ փաթեթավորման սա անհնար է ռոմանտիզացնել։

Եվ անգամ եթե կործանիչը «մերն է», չի նշանակում, որ այն լավն է։ Լավ կլիներ, որ դրանք ընդհանրապես չլինեին ոչ «մեզ» մոտ, ոչ «նրանց»։ Այդ «խաղաղ երկինք» կոչվածում կործանիչներ չեն թռչում, նույնիսկ խաղարկային։ Իհարկե, այս ամենը հասկանալի է, բայց ինչու այդքան շատ մարդ չի հասկանում։ Եվ շարունակում է կարծել, որ «երեխաների մեջ հայրենասիրություն դաստիարակելը» նշանակում է նրանց մեջ միլիտարիզմ մտցնել։

Այն ադրբեջանցիների համար, որոնք պատրաստվում են իրենց երեխաներին բանակից ազատել, ինչպես տեղի է ունենում ապահովված ընտանիքների բացարձակ մեծամասնությունում, այդ տեսակի «հայրենասիրական» դաստիարակության մեջ ինչ-որ մռայլ հեգնանք կա։ Նրանց երեխաները տանկերի ֆոնին լուսանկարվելու են, իսկ դրանց մեջ հայտնվելու են ու դրանք վարելու են ուրիշները։

Հեղինակ
Իրաջ Իսկենդերով
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։
Made on
Tilda