Լիլի․ ինչո՞ւ նկարիչը չի կարողանում տուն վերադառնալ

ԼԳԲՏ ակտիվիստն ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրությունն է գրավել հակապատերազմական արտահայտություններով

ԼԳԲՏ ակտիվիստն ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրությունն է գրավել հակապատերազմական արտահայտություններով




Լիլի․ ինչո՞ւ նկարիչը չի կարողանում տուն վերադառնալ

Լիլի Նազարովը նկարիչ և ակտիվիստ է Բաքվից։ Նա ստիպված է դեգերել Ադրբեջանի քաղաքացիների համար «առանց վիզայի» երկրներով, որովհետև վախենում է տուն վերադառնալ։

Յուրաանչյուր երկրում, ուր գալիս է Լիլին, նա որմնանկարներ է նկարում, որոնցում լուսաբանում է ԼԳԲՏ և մյուս սոցիալական խմբերի խնդիրները։

17 տարեկանում Լիլին հեռացել է տնից, որովհետև իր գենդերային ինքնության (քվիր) պատճառով իրեն ազատ չի զգացել։ Պահպանողական ընտանիքը նրա քույրերին նույնիսկ թույլ չէր տալիս դպրոց հաճախել։ Լիլին բնակարան է վարձակալել, և այդ օրվանից ինքնուրույն է ապրում։

«Ես ծանոթացել եմ բազմաթիվ ակտիվիստների և ինձ պես մարդկանց հետ։ Ոմանք խնդիրներ ունեին ծնողների հետ, մյուսների համար դժվար էր սեփական անձն ընդունելը։ Ադրբեջանում քվիր-անձինք հաճախ են փախչում ծնողներից, որովհետև ընտանիքները չեն ընդունում նրանց։

Ես սկսեցի օգնել նրանց, ժամանակավորապես իմ բնակարանում էի տեղավորում, չէ՞ որ ես էլ եմ ժամանակին նրանց դրության մեջ եղել։ Իմ տանը միշտ շատ մարդիկ կային։ Ես ակտիվորեն և բաց խոսում էի ԼԳԲՏ իրավունքների հետ կապված խնդիրների մասին։ Մենք ընդհանրապես ոչ մի իրավունք չունենք։ Մենք չենք կարող ոչ ազատ հավաքվել, ոչ ազատ հայտարարել մեր մասին։ Ակտիվիստները միշտ կալանքի և բռնության սպառնալիքի տակ են»։


«Ինչո՞ւ եմ ես պատերազմ նկարում»

Լիլին միշտ է սիրել նկարել, և դպրոցում նրան տաղանդավոր էին համարում, բայց նրան դուր չէր գալիս այն, թե ինչ կիրառություն էին գտել ուսուցիչներն իր ընդունակություններին․

«Խոջալուի ողբերգության հիշատակի օրվա առթիվ ինձ ստիպել էին պաստառներ նկարել։ Ես ինձ հարցնում էի, թե ինչու եմ պատերազմ, արյուն, մահացած մարդկանց նկարում, որ ցույց տամ, թե ով է թշնամի, ով ո՞չ։ Ես հայերին թշնամի չէի համարում։ Պատերազմում չկան իրավացիներ և մեղավորներ։ Պատերազմը ժողովրդի որոշում չէ, այլ քաղաքական գործիչների։

Երբ 2020 թ-ին սկսվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ես շոկի մեջ էի։ Իմ ընկերներից մի քանիսին բանակ տարան, և ես վախենում էի, որ իմ զուգընկերոջը նույնպես կտանեն։

Ես ու որոշ այլ ակտիվիստներ սկսեցինք պատերազմին դեմ արտահայտվել և օգտագործել #nowar հեշթեգը։ Մենք քիչ էինք, հարյուրից մի քիչ ավելին։ Ձգտում էինք մարդկանց հասկացնել, որ խաղաղությունը հակամարտության միակ լուծումն է։ Դա ինձ համար դժվար ժամանակ էր նաև այն պատճառով, որ խզել էի հարաբերություններս որոշ ընկերների հետ, որոնք կողմ էին պատերազմին։

Ցավոք, քվիր-անձանց մեծ մասը դրական էր վերաբերվում կատարվող իրադարձություններին և հաճախ էր ինձ հետ վիճում, որովհետև մեծացել է քարոզչության հիման վրա։ Պատերազմին դեմ արտահայտվողներից շատերը լռում էին՝ վախենալով, որ ոստիկանությունը կսպառնա իրենց ընտանիքներին։ Մեզ դատապարտում էին՝ անվանելով «դավաճաններ» և «հայեր»։ Կողմնորոշման համար էլ էին քննադատում, ասում էին՝ «Նվաստները խաղաղության կոչ են անում»։

Հոմոֆոբիան հասարակությունում տարածվում էր։ Հասարակությունը պարզապես մեզ անօգուտ համարեց այն պատճառով, որ մենք չէինք կարող կամ չէինք ուզում կռվել։

Մեկը, որ բացահայտ գեյ էր, զոհվեց պատերազմի ժամանակ և այդ առթիվ տարօրինակ քննարկումներ սկսվեցին։ Մարդիկ սկսեցին կիսվել նրա լուսանկարներով և ասել․ «Տեսեք, գեյերը վատը չեն, նրանք մահանում են՝ հանուն երկրի»։ Մյուսները նրանց պատասխանում էին․ «Դա ընդամենը մեկ դեպք է, և այն ոչինչ չի ասում։ Նրան ոչ ոք չէր հարցնում»։

Այդ տղան կամավոր էր։ Ինչ-որ մեկը նրան օգտագործում էր քարոզչական նպատակներով, թե Ադրբեջանն այնքան հանդուրժող երկիր է, որ նույնիսկ գեյյերն են հայրենիքի համար կռվում։

Այդ դեպքը ոչ մի կերպ չբարելավեց վերաբերմունքը ԼԳԲՏ նկատմամբ։


Մարդիկ կարծում են, որ գեյին կարելի է չդատափետել, միայն եթե նա զոհվել է երկրի համար»։



«Մենք հետևում ենք քեզ»

Լիլին շատ էր գրում Թվիթերում, դեմ արտահայտվում պատերազմին և փորձում մարդկանց ապացուցել դրա անիմաստությունը։ Օրինակ՝ նա հարցում էր սարքել այն մասին, թե արդյոք մարդիկ կքվեարկեին Իլհամ Ալիևի օգտին պատերազմից հետո․

«Ես կարծում եմ, որ նա սկսել է պատերազմը, որպեսզի վերադարձնի ժողովրդի աջակցությունը, որը սրընթաց կերպով կորցնում էր վերջին ժամանակներս։ Հարցվածների մեծ մասը պատասխանել էր «այո»։

Պատերազմի ժամանակ ես գրառում էի արել այն մասին, որ մենք իրավունք ունենք իմանալու, թե քանի ադրբեջանցի զինվոր է զոհվել։ Այդ տվյալները չէին հրապարակվում, իսկ մեդիան քննարկում էր միայն հայկական կողմի կորուստները։

Դրանից հետո ինձ կանչեցին պետանվտանգության ծառայություն։ Ես այնտեղ գնացի փաստաբանիս հետ։ Մեզ ուղեկցում էին ինքնաձիգներով մարդիկ, մինչ մենք

միջանցքով գնում էինք, և ես մտածում էի․ «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ես խաղաղության կոչ եմ անում, իսկ ինձ վերաբերվում են ինչպես ահաբեկչի»։


Կաբինետում սեղանի վրա դրված էին իմ գրառումների սքրինշոթները՝ տպած։ Նրանք մատով հերթով ցույց էին տալիս դրանք և հարցնում՝ «Ինչո՞ւ ես սա գրել»։ Հետո հասան գրառմանը, որտեղ պահանջում էի հրապարակել զոհված զինվորների մասին տվյալները․ «Ինչո՞ւ ես ուզում իմանալ Ադրբեջանի կորուստների մասին։ Հայաստանի համա՞ր ես աշխատում։ Ինչո՞ւ ես հետաքրքրվում, թե արդյոք մարդիկ քվեարկելու են Իլհամ Ալիևի օգտին»։ Ես զարմացա և պատասխանեցի, որ դա իմ իրավունքն է՝ որպես քաղաքացու։

Ինձ ասացին․ «Խաղաղության քո կոչերով դու զայրացնում ես մարդկանց, որովհետև մարդիկ այժմ զգայուն են, նրանց երեխաները մարտի դաշտում են»։ Նրանք խնդրեցին այլևս նման բաներ չգրել և հեռացնել գրառումներս։ Ես հրաժարվեցի, բայց փաստաբանս ինձ ասաց․ «Պարզապես համաձայնիր, որ կարողանանք հեռանալ»։ Ինձ բաց թողեցին՝ ասելով․ «Ուշադիր եղիր։ Մենք քեզ հետևում ենք»»։

2019թ., Բաքու. Ոստիկանությունը բերման է ենթարկում Լիլի Նազարովին հանրահավաքին մասնակցելու համար։ Լուսանկարը՝ Վելի Շուքուրովի
Փախուստ
Երբ ես տուն վերադարձա, ընկերս ինձ ասաց, որ ուզում է բաժանվել։ Համավարակի, կարանտինի, սթրեսի և ֆինանսական խնդիրների պատճառով մենք շատ էինք կռվում, նրան դուր չէր գալիս իմ ակտիվիզմը, որովհետև մտահոգվում էր ինձ համար և չէր ուզում խնդիրներ ունենալ ոստիկանության հետ։ Նա երկու ամիս բանտում էր անցկացրել ընդդիմադիր գործունեության համար, և դա շատ էր ազդել նրա վրա։

Ես այնպիսի տպավորություն ունեի, որ ամբողջ կյանքս փլվել է։ Նույնիսկ ինքնասպանության մասին էի մտածում։ Բացի այդ, իմացա պատերազմում երկու ընկերներիս մահվան մասին, և դա ինձ վերջնականապես տապալեց։ Թուրքիայից ծանոթ մի ակտիվիստ ինձ առաջարկեց իր մոտ տեղափոխվել, և երկու օրից ես այնտեղ էի։

Երբ մեկնեցի, երկրում կատարվող իրադարձությունները կողքից տեսա և հասկացա, թե ինչ վատ է ամեն ինչ։ Ես չէի կարող վերադառնալ՝ իմանալով, որ ինձ հետևում է պետությունը։ Բացի այդ, իմ տեսքի պատճառով ես հաճախ էի ագրեսիվ հարձակումների ենթարկվում։ Ես չէի մեկնի, եթե տեսնեի, որ կողքս հազարավոր համախոհներ են կանգնած, բայց նրանց թիվը հարյուրը չէր անցնում ամբողջ երկրում»։

Ատելության նոր ալիք
Լիլիի խոսքով՝ համավարակի և պատերազմի ժամանակ Ադրբեջանում ԼԳԲՏ իրավունքների հետ կապված իրավիճակը դանդաղ բարելավվում էր։ Ոչ մեծ ԼԳԲՏ համայնք կար, որն իվենթներ, երեկույթներ, թրեյնինգներ էր անցկացնում։

Պատերազմից հետո ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության նոր ալիք բարձրացավ, ավելացավ գեյերի և տրանսսեքսուալների դաժան սպանությունների քանակը։

«Բլոգերներից մեկը հայտարարեց, որ մեզնից պետք է ազատվել։ Նա տրանս-կնոջ մասնակցությամբ հարսանեկան արարողության տեսանյութով կիսվեց, որին որոշ ժամանակ անց կենդանի այրեցին։

Մարդասպանը կալանավորվեց, բայց բլոգերին ոչինչ չարեցին։ Մենք մյուս ակտիվիստների հետ բազմաթիվ նամակներ ուղարկեցինք պետանվտանգության ծառայություն, գրեցինք Եվրամիությանը, բայց՝ ապարդյուն։

Այդ սպանությունից հետո Ադրբեջանում գեյերն ու տրանսսեքսուալներից շատերը վախենում էին, որ իրենք հաջորդն են լինելու։ Լրագրող Ավազ Հաֆիզլին, որը բացահայտ գեյ է և լուսաբանում էր ԼԳԲՏ իրավունքների հետ կապված խնդիրները, նույնպես գրել էր այդ դեպքի մասին։ Վերջերս նրան սպանեց հորեղբորորդին՝ կտրելով առնանդամն ու գլուխը։

Տրանսսեքսուալներին հաճախ են սպանում, որովհետև նրանք աչքի են ընկնում։ Շատերն աշխատում են սեքս-ծառայությունների ոլորտում, որովհետև նրանց ուրիշ ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում։ Մարդասպանները նրանց մոտ են գալիս հաճախորդների անվան տակ։

«Քվիր-անձանցից շատերն են Ադրբեջանը լքել պատերազմից հետո կամ պատրաստվում են անել դա։ Իմ ընկերներից շատերը նույնպես մեկնել են, որովհետև ամեն ինչ ավելի է վատթարանում։

Վերջին մեկ տարում ինձ ավելի հաճախ են սկսել դիմել քվիր-անձինք՝ խնդրելով օգնել մեկնել։ Ոմանց կարողացել եմ օգնել, բայց պետք է կազմակերպություն լինի, որը նրանց օգնի հեռանալ, իսկ այդպիսիք չկան։

Օգնում են միայն նրանց, ովքեր մահվան սպառնալիքի են բախվում։ Օրինակ՝ իմ ծանոթ գեյ-զույգը երեք անգամ հարձակման է ենթարկվել վերջին երկու տարվա մեջ։ Եվ միայն վերջինից հետո, որն ավարտվել է բռնաբարությամբ, նրանց օգնել են արտասահմանյան կազմակերպությունները»։

Հեղինակ
Բաշիր Կիտաչաև
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։
Made on
Tilda