«Հայրս քրեական հեղինակություն էր»

Որդիները պատմում են իրենց հայրերի մասին։ Երեք պատմություն
«Հայրս քրեական հեղինակություն էր»
Որդիները պատմում են իրենց հայրերի մասին։ Երեք պատմություն
1990-ականները Վրաստանում գողերի և քրեական հեղինակությունների անօրինականության վերելքի դարաշրջան էին:

Դա այն ժամանակն էր, երբ գրեթե յուրաքանչյուր աղջիկ երազում էր քրեական հեղինակության կին լինել, իսկ տղաները, երբ հարցնում էին, թե ինչ են ուզում դառնալ, երբ մեծանան, պատասխանում էին. «Օրենքով գող»: Դա մի դարաշրջան էր, երբ հանցագործությունը համարվում էր սխրանք, իսկ հանցագործները՝ ասպետներ: Նրանք ունեին իրենց կանոնակարգը, իրենց օրենքները, պատվի ու արժանապատվության իրենց ըմբռնումը։

Դրանից հետո Վրաստանը շատ է փոխվել, մեծ հաջողություններ են գրանցվել հանցավորության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Սակայն, չնայած դրան, երկիրը չի կարողացել ձերբազատվել այս աշխարհի թողած ժառանգությունից։

Երիտասարդության որոշակի հատվածի համար դեռ կենդանի են առասպելները, որոնք կապված են «գողական աշխարհի» հետ, ակտուալ են այս աշխարհի կանոններն ու մտածելակերպը։

JAMnews-ի այս նախագծում մենք քրեական հեղինակությունների աշխարհը ցույց ենք տալիս նրանց համար ամենաթանկ մարդկանց՝ նրանց երեխաների աչքերով:

Սրանք երեք մենախոսություններ են այն մարդկանց, որոնց հայրերը եղել են քրեական հեղինակություններ: Նրանք խոսում են իրենց մանկության, տրավմաների և հայրերի հետ ունեցած հարաբերությունների մասին։

✷ ✷ ✷ 
  • Որդի

    Լաշա Բերուլավա, 50 տարեկան. լրագրող,
    Զուգդիդի
  • Հայր

    Դազի Բերուլավա
Լաշան հոր հետ
Սա տարօրինակ պատմություն է մեր ընտանիքի մասին։

Որպես կանոն, երբ երեխաները «հանրահայտ» հայր ունեն, նրանք այդ մասին իմանում են վաղ տարիքից: Նման լուրերը երբեմն հպարտություն են առաջացնում ընտանիքում, իսկ հետո դա շարունակվում է դպրոցում։ Ես այդ մասին իմացա, երբ չորրորդ դասարան էի:

Մի օր մենք՝ տղաներս, փախանք դպրոցից ու նստեցինք լողավազանի մոտ։ Մենք ունեինք պահածոներ, լավաշ ու պանիր։ Նստեցինք, ուրախացանք, հյուրասիրեցինք։ Մի տարեց մարդ անցավ։ Երբ դպրոցական ժամերին մեզ՝ փոքրիկ տղաներիս, տեսավ լողավազանի մոտ, հարցրեց, թե ում երեխաներն ենք։ «Պիրցխալավա, Գերգեդավա…»,- թվարկեցին ընկերներս: Ես էլ ասացի՝ «Բերուլավա»։ «Դազին քո ի՞նչն է»,- հարցրեց ինձ։ Ասացի՝ հայրս է։ Եվ տղամարդը, լսելով դա, բառիս բուն իմաստով ապշեց։
«Օրենքով գողերի» ինստիտուտը առաջ է եկել 1930-ական թվականներին՝ Ստալինի օրոք։ Խորհրդային շրջանում այդ «տիտղոսը» հպարտությամբ կրում էին մի քանի հարյուր քրեական հեղինակություններ ողջ ԽՍՀՄ տարածքում։

Կարգավիճակը տրվում էր առնվազն երկու «օրենքով գողի» որոշմամբ, այս ընթացակարգը քրեական աշխարհում կոչվում է «մկրտություն»։

Ավանդաբար ողջ Խորհրդային Միությունում «օրենքով գողերի» քանակով վրացիները զիջում էին միայն ռուսներին։ Այսօր նրանք առաջատար են։ Քրեական աշխարհին նվիրված հանրահայտ Primecrime.ru կայքը նշում է, որ այսօր գործող կարգավիճակ ունեցող «օրենքով գողերի» 58 տոկոսը վրացիներ են։

«Օրենքով գողը» չի ճանաչում արդարադատության պաշտոնական համակարգը. Նրան արգելվում է աշխատել, պետությունից գումար ստանալ, համագործակցել պետության հետ ցանկացած ձևով, օրինակ՝ ծառայել բանակում։ Նա ղեկավարում է հանցավոր ցանց, թեև ուղղակիորեն չի մասնակցում հանցավոր գործունեությանը։
«Նա մոտեցավ ինձ։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Նա երկու ձեռքերը դրեց գլխիս և համբուրեց ճակատս։ Ես շոկի մեջ էի։ Եվ հանկարծ նա ինձ ասաց. «Երբ հայրդ դադարեց գողություն անել և սկսեց աշխատել գործարանում, համամիութենական գողերը եկան և գործարանի մուտքի մոտ խմեցին հորդ կենացը։ Դու այդպիսի հոր որդի ես»։

Ես էլ ավելի շփոթվեցի։ Այդ ամենի մասին գաղափար անգամ չունեի։ Դասընկերներս էլ չգիտեին, բայց այն ժամանակ ու այդ տարիքում պատկերացնու՞մ եք, թե դա ինչ նշանակություն ուներ նրանց համար։ Դա միակ բանն էր, ինչի մասին մենք խոսեցինք այդ օրը։ Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում, շփոթության մեջ էի»։
Այն ժամանակ այդ ամենը հպարտության առարկա էր, ու երբ լսեցի, ես էլ հպարտացա։ Մինչև ութերորդ դասարան ես ու ընկերներս հաճախ էինք Դեյզի անունը հիշատակում։ Երբ մի փոքր մեծացա ու սկսեցի այդ մասին խոսել հորս հետ, հասկացա, որ նա այնքան էլ հպարտ չէ իր անցյալով։ Չեմ կարող ասել, որ նա ամաչում էր, բայց ուզում էր ինձ համար օրինակելի հայր լինել։ Նա գողությունը լավ օրինակ չէր համարում։

Նա միշտ փորձում էր իմ մեջ սերմանել այլ արժեքներ՝ բարություն, անշահախնդրություն և սովորելու նկատմամբ հետաքրքրություն։ Ես սիրում էի կարդալ, բանաստեղծություններ էի գրում, ուստի, բնականաբար, գնացի այլ ուղղությամբ:

Նա չէր հպարտանում իր անցյալով, չնայած այն հանգամանքին, որ նա այդ աշխարհի պարզ ու շարքային անդամ չէր, նշանավոր էր։
Երիտասարդ տարիքում «կնքվեց»․ 19 տարեկան էր, երբ դարձավ «օրենքով գող»։ Իսկ հետո նա սեփական նախաձեռնությամբ հեռացավ այդ աշխարհից։ Նման բան շատ հազվադեպ է տեղի ունենում։
Այդ ամենը եղել է իմ ծնվելուց առաջ։ Նա դեռևս ամուսնացած էլ չի եղել։ Հետևում էր հին ավանդույթներին՝ գողը չպետք է ընտանիք ունենա։ Ընտանիքը կարող է թույլ կետ լինել, ոստիկանությունը կարող է այն օգտագործել գողի դեմ։

Պարզվում է՝ շատ կարևոր է, թե ով է քեզ «մկրտում»։ Հորս Չիտա Բեզուխան է մկրտել։ Ականջ չուներ, կռվի ժամանակ կծել էին։ Այդ ժամանակ հորս հորեղբայրը՝ իրենից 15-16 տարով մեծ, ռուսական ինչ-որ գաղութում է եղել։ Նրան պատմել են, որ Քսանիում հենց նոր «մկրտել» են շատ խոստումնալից գողի՝ Դազի Բերուլավային։ Հորեղբայրը ծիծաղել է, ասել. «Ա՜յ, էդ սրիկան մեծացա՞վ»։ Նրան մանուկ էր հիշում։ Նրա այդ խոսքերը վիրավորական են համարել, և դրանց պատճառով քիչ է մնացել, որ ծեծի ենթարկվի։

Հայրս 19 տարեկան էր, և նա արդեն այդքան լուրջ գող էր։ 10 տարի հետո, երբ նա կրում էր պատիժը, տատիկս ասել է․ «Եթե այդ գործից չհրաժարվես, հացադուլ կհայտարարեմ»։ Հայրս այդ խոսքերին ուշադրություն չի դարձրել։
Կոմունիստական շրջանը և 90-ականները Վրաստանում հանցավոր աշխարհի վերելքի դարաշրջան էին։
Իրավիճակը կտրուկ փոխվեց 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունից» հետո։

Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք կառավարությունը կազմակերպված հանցավորության դեմ պայքարը հռչակեց որպես գերակա առաջնահերթություն։

Այդ նպատակին հասնելու համար իրականացվեց Ներքին գործերի նախարարության համակարգի ամբողջական վերակազմավորում։ Միաժամանակ հեռուստատեսությունը պարբերաբար ցուցադրում էր, թե ինչպես են հանցագործներին ձերբակալում հատուկ օպերացիաների արդյունքում։

2005 թվականին Վրաստանի օրենսդրության մեջ առաջին անգամ հայտնվեց «օրենքով գող» հասկացությունը։ Եթե ​​մարդն ընդուներ, որ ունի այս կարգավիճակը, նույնիսկ առանց կոնկրետ հանցագործություն կատարելու, նրան սպառնում էր 5-10 տարվա ազատազրկում։ Այս օրենքի հիմքում ընկած էր «գողական օրենսգիրքը», ըստ որի՝ «օրենքով գողը» իրավունք չունի ժխտելու իր կարգավիճակը՝ անկախ նրանից, թե ով և ինչ հանգամանքներում է նրան այդ մասին հարցնում։

Արդյունքում Վրաստանում փաստացի չեն մնացել քրեական հեղինակություններ՝ նրանք կա՛մ լքել են երկիրը, կա՛մ հայտնվել են ճաղերի հետևում: Ընդ որում, նրանք իրենց պատիժը կրել են առանձին հաստատությունում՝ զրկվելով բանտում գտնվող մյուս դատապարտյալների նկատմամբ ունեցած արտոնություններից ու իշխանությունից։ Բանտը վերահսկողը դարձել է ադմինիստրացիան, ոչ թե «գողերը»։

Սակայն այս պայքարն ուներ նաև հակառակ կողմ։ Երկրում բանտարկյալների թիվը հասավ ռեկորդային մակարդակի, բանտի ադմինիստրացիան դիմեց վերահսկողության կոշտ մեթոդների, այդ թվում՝ բռնության, անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո «Վրացական երազանք» կուսակցությունն առաջին հերթին զանգվածային համաներում հայտարարեց։ Բանտարկյալների կեսից ավելին լքեցին բանտերը։ Մեկնարկեց քրեակատարողական համակարգի բարեփոխումը, փակվեցին բանտերը, որտեղ բանտարկյալները պահվում էին անմարդկային պայմաններում։ Դատապարտյալների իրավունքների հետ կապված իրավիճակը բարելավվեց։ Սակայն այդ գործընթացն ուներ նաև հակառակ կողմը։ Հենց ադմինիստրացիայի հսկողությունը թուլացավ, բանտերում կրկին ուժեղացավ քրեական հեղինակությունների ազդեցությունը։

Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան իր 2020 թվականի տարեկան զեկույցում ընդգծել է, որ «ոչ պաշտոնական կառավարումը» բանտերում անհանգստություն է առաջացնում։
Լաշա Բերուլավան թերթում է ընտանեկան ալբոմը։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի
Տատիկը վերցրեց շղթան, փաթաթեց գոտկատեղին ու բանալին կուլ տվեց։ Սկսվեց նրա հացադուլը։ Հայրս մեկ-երկու օր փորձեց կանգնեցնել նրան, և երբ հասկացավ, որ տատիկը չի պատրաստվում հանձնվել, ինքը հանձնվեց։

Սուխումում կար «Ամրա» ռեստորան։ Այնտեղ հայրս հանդիպում կազմակերպեց, այսպես կոչված, «սխոդկա», որտեղ ժամանեցին լուրջ գողեր Ռուսաստանից, Ուկրաինայից, տարբեր քաղաքներից։ Հայրս այնտեղ բերեց գրեթե մեկ միլիոն ռուբլի, այսպես կոչված, «ընդհանուր ֆոնդ», հանձնեց ու ասաց. «Ես հեռանում եմ հանուն մորս»։ Այս որոշումը բոլորն ըստ արժանվույն գնահատեցին։

Հայրս սկսեց աշխատել Զուգդիդիի գործարանում որպես էլեկտրիկ։ Փաստորեն, 29 տարեկանում նա կյանքը սկսեց զրոյից։ Նա մորս հանդիպեց այնտեղ՝ գործարանում, ամուսնացան։ Հետո մենք ծնվեցինք։ Երկու եղբայր և մեկ քույր ենք։ Ես մեծն եմ։

Այնուամենայնիվ, երբեմն զգում էի հարևանների որոշակի ակնածանքը նրա նկատմամբ։ Չնայած նա պարզապես էլեկտրիկ էր։ Սկզբում ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու էր նա ուրիշների մոտ ակնածանք առաջացնում։ Հետո ամեն ինչ հասկացա։
Հիշում եմ նաև, որ մեզ մոտ գալիս էին գլխարկ կրող, տարօրինակ տղամարդիկ։ Տարիներ անց նրանք դեռևս գալիս էին հորս մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Ես երբեք նրանց հետ ռեստորանում չեմ եղել։ Նա մեզ ասում էր, որ տանը մնանք, իսկ իրենք զրուցում էին այնտեղ։
Նա շատ խիստ էր, պահանջկոտ, չէր սիրում անկարգությունն ու սուտը։ Տանել չէր կարողանում, երբ ինչ-որ մեկին որևէ բանում մեղադրում էի։ Իր կանոններն ուներ։ Ես նույնպես հետևում էի այդ կանոններին՝ ամեն ինչ պետք է իր տեղում լիներ։

Շատերը նրա մասին խոսում էին որպես խիզախ ու արդար անձնավորության։ Նա միշտ և ամենուր առաջինն էր։ Տանը միշտ շինարարական սաղավարտ ուներ։ Մի անգամ տարածքում հրդեհ էր բռնկվել, նա անմիջապես վերցրել էր սաղավարտն ու վազել օգնության։ Կրակը հանգցրել էր, մարդկանց դուրս բերել։ Որոշումներ կայացնելու և դժվարին իրավիճակներում գործելու տաղանդ ուներ։

Մեր փողոցից մի աղջիկ ամուսնացավ։ Հարսանիքին Թբիլիսիից ուսուցիչներ ու դասախոսներ էին եկել։ Պրոֆեսորներից մեկը հարսանեկան սեղանի թամադան էր, իսկ հայրս՝ նրա տեղակալը։ Ինչ-որ պահի այդ պրոֆեսորը մեկին հարցրեց, թե ո՞ր համալսարանն է ավարտել թամադայի տեղակալը։ Նրան ասացին, որ 10 տարի «օրենքով գող» է եղել։ Պարզվում է՝ հայրս մի քիչ ամաչել է ու ասել. «Պատասխանեիք, որ բանասիրական ֆակուլտետն եմ ավարտել»։
Լաշան եղբոր հետ հոր գերեզմանի մոտ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի
Չափահաս դառնալուց հետո ինձ համար այլևս դժվար չէր այս թեմայով նրա հետ խոսել։ Հավանաբար այն պատճառով, որ այդ ամենը տեղի էր ունեցել իմ ծնունդից առաջ, և նա ինքն էր հրաժարվել այդ կյանքից։ Այդ ամենը լեգենդ է մնացել։ Ես այնքան հպարտ եմ, որ նա հրաժարվել է այդ ամենից և ամբողջովին փոխել իր կյանքը:

Սիրտս կոտրվում է, երբ մտածում եմ, թե կյանքի որքան պարզ մանրամասներ նա չգիտեր։ Մի անգամ նա ինձ համար կիսահավաք հեծանիվ գնեց։ Այդ ժամանակ հեծանիվներն այդպես էին վաճառում, դրանք պետք էր տանը հավաքել։ Հայրս փորձեց ու հավաքեց։ Ես բավարարված վերցրի հեծանիվս ու դուրս եկա փողոց։ Երբ ընկերներս ինձ տեսան, սկսեցին ծիծաղել. «Գնահատեք նրա ղեկը»։ Պարզվում է՝ ղեկի հետնամասը սկզբում էր ամրացրել։ Որտեղի՞ց պետք է իմանար: Ո՞վ է բանտում հեծանիվ վարում։

Նա մահացավ 2014 թվականին 74 տարեկան հասակում։ Ես Թբիլիսիում էի, նրա կողքին չէի։ Ինձ համար շատ դժվար է հիշել այդ երեկոն։ Մենք հիանալի ընկերներ էինք:

Նա շատ ուրախացավ, երբ սկսեցի աշխատել տեղական «Օդիշի» հեռուստաալիքում։ Այն ժամանակ այդ ալիքը նոր էր ստեղծվում, և բոլորը մեզ ճանաչում էին փողոցում։ Նա շատ հպարտացավ՝ ասելով. «Առաջ ասում էին, որ դու Դազիի տղան ես, իսկ հիմա ես եմ քո հայրը դարձել»։

  • Որդի

    Զուրա Ջիշկարիանի, 37 տարեկան, գրող
    Սուխում
  • Հայր

    Զուրաբ Ջիշկարանիի
Ես շատ վատ գեներ ունեմ։ Նախապապս եղել է օրենքով գող՝ Ամբակո Ջիշկարիանին։ Երկրորդ պապիկս մարդասպան և բանկ թալանող է եղել։ Մեկ այլ պապիկ էլ եղել է խուլիգան և Երկրորդ համաշխարհային պատերազմի դասալիք: Այդ բոլոր տրավմաները, կողոպուտները, սպանությունները, հանցագործությունները, թմրամոլությունը փոխանցվել են ինձ սերնդեսերունդ։

Ֆանտաստիկ մանկություն եմ ունեցել՝ ցրված դիակներ, պայթեցված տներ, հայր՝ հարբեցող ու թմրամոլ, աղքատություն ու աքսոր։

Ես այն ժամանակ չէի գիտակցում՝ ինչ է կատարվում: Կարծում էի, որ լարված խաղի մեջ եմ, միայն թե մի քանի կյանքերի փոխարեն, ինչպես պատահում է, ունեի մեկը։

Ութ տարեկան էի, երբ նավով լքեցինք Սուխումը։ Հայրս եկել էր Կոդորիով։ Հիշում եմ միայն պատերազմի հիմնական պահերը՝ այրվող տունը։ Դուք երբեք չեք մոռանա այն տունը, որը ռմբակոծել են ձեր աչքի առաջ։

Ընդ որում, ես միակը չեմ, իմ ողջ սերունդն անցել է դրա միջով։ Եվ հիմա քաղաքականության, արվեստի և այլ ոլորտներում առաջին պլան է մղվում հենց այդ՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող սերունդը։
Թմրանյութերը կերտել են հորս անհատականությունը: Քրեական հեղինակությունը հիանալի էր ապրում Սուխումում նախքան պատերազմի մեկնարկը։ Նա հնչեղ անուն ուներ, մասնակցում էր «բախումների», հանդիպում գողերի հետ, զբաղվում բժշկությամբ, ուներ շատ գեղեցիկ կին, մի խոսքով՝ իր տարերքի մեջ էր։ Նրա կյանքն ամբողջությամբ դասավորված էր։

Իմ հիշողությունն այս «հորինված» կյանքից հայրս է՝ կապտուկների մեջ, ասեղը երակում, մահամերձ։ Նա չափից մեծ դոզա էր ընդունել, բայց ողջ էր մնացել։ Ես դրա ականատեսն եմ եղել։ Խոր մանկությունից ես միայն դա եմ հիշում նրա հետ իմ հարաբերությունների մասին։

Հաշվի առնելով նրա հանցավոր կյանքը՝ նա չպետք է մասնակցեր պատերազմի: Գողական մտածելակերպով պատերազմ չես կարող գնալ․ համազգեստ ես հագնում ու կատարում պետության հրահանգները։ Սակայն հայրս անտեսեց դա և, այնուամենայնիվ, գնաց պատերազմ [1990-ականների սկզբի վրաց-աբխազական հակամարտությունը]։

Նավը, որով ճամփա ընկանք Սուխումից, ուղևորվում էր Բաթում, բայց հայտնվեց Փոթիում։ Եվ այդպես, մենք մնացինք Փոթիում, և ես այնտեղ ավարտեցի դպրոցը։ Հայրս մեկ-երկու տարով մեկնեց Մոսկվա, հետո մի քանի ամսով մեզ հյուր եկավ։
Զուրա Ջիշկարյանի / Անձնական արխիվից
Նա ինձ շատ բաներ սովորեցրեց, որոնք ինձ հարյուրապատիկ ավելի ցավ պատճառեցին: Նա ինձ սովորեցրեց ապրել ըստ իմ սեփական հայեցողության՝ համարձակ և տղամարդավարի: Եթե ​​քեզ մեկ անգամ հարվածել են, նրանց հարվածիր հինգ անգամ:

Գտնվելով անգիտակից վիճակում՝ նա ինձ՝ երեխայիս, ներկայացրեց աշխարհը։ Ես աշխարհը ճանաչեցի անընդհատ հարբած վիճակում գտնվող մարդու մատուցմամբ։

Այդ պարապմունքների արանքում մայրս ինձ տանում էր թատերախումբ և դաշնամուրի։ Մենք դա թաքցնում էինք հորիցս։ «Բոլոր նկարիչներն էլ նույնասեռական են»,- ասում էր նա։

Հետո այնպես ստացվեց, որ հետևելով նրա օրինակին՝ ես արդեն 16 տարի է, ինչ թմրամոլ եմ։ Առաջին անգամ փորձեցի, երբ 13 տարեկան էի։ Ներխուժում էի տներ, ձևացնում, թե «թույն» տիպ եմ: Ուրիշների հետ շփվելիս ես կախարդական բառերի փոխարեն տալիս էի ընտանիքիս անդամների անունները՝ այսինչի որդին եմ կամ այսինչի թոռն եմ։ Այդ առումով 1990-ականներն ինձ համար ավելի հեշտ անցան, քան շատերի։

Ճանապարհը, որն ինձ համար հարթել էին իմ նախնիները, անցնում էր ջունգլիներով և գայլերի ոհմակով: Եթե ես այդ ճանապարհին ասեի, որ պրոֆեսորի կամ նկարչի տղա կամ թոռ եմ, ինձ կպատասխանեին. «Ի՞նչ ես դու քեզնից ներկայացնում»:
Երբ մոտ 15 տարեկան էի, հորս ասացի, որ ուզում եմ գող դառնալ։ Նա նստեցրեց ինձ և երեք-չորս ժամ խոսեց այն մասին, թե ինչու չպետք է դա անեմ:
Մի կողմից նա ինձ սովորեցրեց գայլերի բոլոր օրենքները՝ ինչպես պայքարել, ինչպես «բանակցել», ինչպես յոլա գնալ ու գոյատևել։ Մյուս կողմից նա ինձ ասաց, որ թմրամոլներն ու հանցագործները սարսափելի մարդիկ են։ Որ ստիպված եմ լինելու կյանքիս մնացած մասն անցկացնել բանտում և ոստիկանության ճնշման տակ։ Նա ինձ հետ լուրջ խոսեց ու զգուշացրեց, որ չգնամ սխալ ճանապարհով։

Իմ մեջ էլ ասես երկու աշխարհ էր։ Ես նրան ասացի, որ ուզում եմ գողանալ, իսկ մի քանի ամիս անց մասնակցեցի գեղեցկության մրցույթի: Եվ հաղթեցի: Այդ մասին իմացել էին շրջապատի բոլոր տղաները, ում հետ ես տներ էի թալանել, բայց ոչ ոք ինձ ոչինչ չէր ասել։ Հայրս, իհարկե, չգիտեր։
Գիգի Թևզաձե, փիլիսոփա

Միջնադարի վանական համայնքից հետո աշխարհում ոչ մի տեղ նման բան չէր եղել։ Դա Խորհրդային Միության նոու-հաուն էր՝ ինչպես կառավարել հասարակությանն այնպես, որ այն չնկատի, որ դու իրեն վերահսկում ես:

Սկզբում գողերի ինստիտուտը մտցվեց «ճամբարները» վերահսկելու համար։ Բազմաթիվ բանտարկյալներին վերահսկելու համար բավարար մարդիկ չկային, և շատ խելացի ու շատ չար մեկը ստեղծեց այդ համակարգը:

Ես կարծում եմ՝ ավելի հավանական է, որ Ձերժինսկին է դրա հեղինակը, քան Ստալինը։ Որովհետև Ձերժինսկին մեծացել է կաթոլիկ ընտանիքում և ստացել կաթոլիկ կրթություն։ Այդ համակարգի ստեղծողն ակնհայտորեն ծանոթ էր կաթոլիկությանը։

Ավելի ուշ, երբ մարդկանց ազատեցին ճամբարներից, գողերը նույնպես դուրս եկան։ Դրսում նրանք արդեն ամբողջությամբ վերածվեցին հասարակական վերահսկողության մեխանիզմի և, բնականաբար, շատ սերտ կապի մեջ էին իշխանությունների, ոստիկանության, անվտանգության ծառայության հետ։ Նրանց օրենսգիրքը ռոմանտիկ էր, քանի որ արգելում էր սեփականության, ընտանիքի գոյությունը և ճանաչում բոլորի համար ընդհանուր սկզբունքները։

Այդ համակարգից դժգոհ լինելու դեպքում խորհրդային տարիներին կար երկու տարբերակ՝ կա՛մ անհամաձայնություն, կա՛մ գողություն: Խորհրդային իշխանությունն ամեն կերպ մղում էր ընտրել երկրորդ տարբերակը։

Վրաստանում Խորհրդային Միության դեմ միշտ մեծ ընդդիմություն է եղել։ Դիմակայությունը զանգվածային էր, շատերն էին դժգոհ, հատկապես երիտասարդների շրջանում։ Իսկ սովետական ​​իշխանությունն ամեն ջանք գործադրում էր, որ այդ մարդիկ դառնան ոչ թե այլախոհներ, այլ գողեր։

Այլախոհության ճանապարհը դժվար էր, պետք էր ինտելեկտուալ լինել։ Վրաստանում շատերն ընտրեցին երևակայական դիմադրության այս ճանապարհը։

Ավելի ուշ, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, կառավարությունը թուլացրեց «օրենքով գողերի» նկատմամբ վերահսկողությունը։ Եվ նրանք սկսեցին փոխակերպվել քրեական բիզնեսի։

1980-ականներից հետո «օրենքով գողերն» այլևս նման չէին վանականների համայնքի, նրանք սովորական հանցավոր խմբեր էին, որոնք փող էին աշխատում և պալատներ կառուցում։

Այսօր այդ ինստիտուտը գոյություն ունի որպես մաֆիա, այլ ոչ թե որպես հին ըմբռնմամբ «օրենքով գողերի» ինստիտուտ։
Ի վերջո, իմ ստեղծագործ էությունը գլուխ բարձրացրեց: Ես գրում եմ ութ տարեկանից։ Հետո սկսեցի հետաքրքրվել թատերական խմբակներով, երաժշտությամբ։ Եվ, վերջապես, հասկացա, որ ինձ հետաքրքրում է աստղային երկինքը։

Իմ նպատակն այն է, որ իմ վատ գենետիկան ինձնով ավարտվի։ Կամ ես ընդհանրապես երեխա չեմ ունենա, և այս գենը կմեռնի ինձ հետ, կամ ես լույս աշխարհ կբերեմ և կդաստիարակեմ առողջ մարդու, որպեսզի կոտրեմ այս արատավոր շրջանակը։ Շատ բան եմ սովորել այն մասին, թե ինչպես դաստիարակել առողջ երեխա:
Կա առասպել, որ քրեական հեղինակությունները զիլ են, վերահսկում են քաղաքի կեսը և ապրում են հետաքրքիր կյանքով: Իրականում այդ զիլ տղան ամեն օր վախենում է, տանը նևրոտիկ է, նրա համար կինը միշտ սխալ ու վատն է, իսկ երեխաները մեծանում են նևրոտիկ։
Ի վերջո, այդ վերահսկողությունը նույնպես կատարյալ պատրանք է։ Լավագույնից լավը չեք լինի ու միշտ կգտնվի մեկը, ով ձեզնից ուժեղ է ու «կուտի» ձեզ։ Այդ ուժը կարող է մի ակնթարթում ընդմիշտ անհետանալ:

Երբ ես ստեղծեցի իմ առաջին երաժշտական ​​խումբը, տարիներ շարունակ թաքցնում էի այն հորիցս։ Որովհետև երբ ինչ-որ տեղից լսեց, որ երաժշտություն եմ նվագում, շատ նյարդայնացավ, բայց մտածեց, որ դա շուտով կանցնի։ Սկզբում կոնֆլիկտներ ունեցանք, բայց հետո նստեցինք ու երկու չափահաս տղամարդկանց նման իսկական «գողական բախում» ունեցանք։ Նա պարզաբանեց իր տեսակետը, ես՝ իմը։ Եվ նա, որպես ղեկավար, ինձ թույլտվություն տվեց։ Այսօր նա իմ թիվ մեկ երկրպագուն է։ Զանգում է ինձ և հարցնում ամեն ինչի մասին, ինձ հետ կապված ամեն բան նրան հետաքրքրում է։ Ընկերներ ենք դարձել։
Երեք տարի է, ինչ հոգեթերապևտի եմ այցելում, դրանից երկու տարին խոսում ենք հորս մասին: Նա ինձ համար կուռք է եղել, միևնույն ժամանակ շատ զայրացած էի նրա վրա։ 36 տարեկանում հասկացա, որ նա պարզապես սովորական մարդ է։ Եվ վերջապես, մեկ տարի առաջ ես սիրեցի նրան այնպիսին, ինչպիսին նա կա։

Ես կամաց-կամաց հասա դրան։ Նախ մայրս կարդաց իմ հոդվածը, նրան դուր եկավ։ Հետո ես գիրք գրեցի և մրցանակ ստացա։ Դա հիանալի էր:

Չնայած իմ թմրամոլությանը՝ նա տեսավ, որ ես կարող եմ օգուտ բերել հասարակությանն ու լինել դրական կերպար։ Դա նրա մոտ կտրուկ փոփոխություն առաջացրեց։ Նա հասկացավ, որ ես այնպիսին եմ, ինչպիսին ինքը երբեք չի եղել։

Այսօր իմ 27-րդ մաքուր օրն է [Զուրան հատուկ վերականգնողական ծրագրի օգնությամբ պայքարում է թմրամոլության դեմ - JAMnews]։

  • Որդի

    Բաստի Մգալոբլիշվիլի, 28 տարեկան
    Լրագրող, կինոքննադատ
    Չոխատաուրի
  • Հայր

    Կախա Մգալոբլիշվիլի
Ես ամենասովորական մանկությունն եմ ունեցել։ «Քրեական հեղինակության» զավակ լինելը չի ​​նշանակում, որ ձեր կյանքն առանձնահատուկ է:

Մարդիկ հաճախ մտածում են, որ նման կյանքը հետաքրքիր է, և ինչ-որ բան է տեղի ունենում դրանում։ Իմ դեպքում այդպես չէր: Ես հանգիստ, լավ մանկություն եմ ունեցել։

Հորս հետ շատ ջերմ հարաբերություններ ունեի։ Բայց ինձ մոտ տպավորություն է, որ մենք քիչ ժամանակ ենք անցկացրել միասին։ Նա հազվադեպ էր տանը լինում։
Հիշում եմ գիշերը, նրա մոտեցող մեքենայի լույսը և ուրախության զգացումը, որ հայրս եկել է։ Հիմնականում մեքենայում էինք միասին ժամանակ անցկացնում։ Ինձ տանում էր մանկապարտեզ ու այնտեղից տուն բերում։ Մի անգամ, երբ ինձ մանկապարտեզից վերցնում էր, մեքենայում ինձ էր սպասում մեծ շուն, նվեր էր։ Աշխարհի ամենաերջանիկ մարդն էի։ Մի անգամ էլ ինձ համար կապիկ էր տուն բերել։
Մեզ միավորում էին կենդանիներն ու կինոն։ Նա բերում էր տեսաերիզներ նոր, այդ ժամանակ հայտնի ֆիլմերի՝ «Տիտանիկ», «Կնքահայրը», «Քաջ սիրտը» և այլն։ Ամենից լավ հիշում եմ մեր կինոդիտումները։

Մանկուց հասկանում էի, որ մարդիկ նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեն։ Հնարավոր է, որ դա անհավանական հիբրիդ է, բայց դա նման էր մարդասիրական առաքելության: Նա կարող էր հանկարծակի հեռանալ՝ բազմանդամ ընտանիքի ալյուր ու սնունդ հասցնելու։ Եվ եթե ինչ-որ մեկին դեղ պետք լիներ, կարող էր անմիջապես գնալ այն բերելու։

Ահա թե ինչպես էր դա աշխատում կոտրված համակարգում։ Երբ խախտվում է արդարադատության, սոցիալական կամ առողջապահական համակարգը, մարդիկ լեգիտիմություն են ձեռք բերում՝ ինքնուրույն լուծելու այն խնդիրները, որոնք սովորաբար պետք է լուծի պետությունը։

Այսօր էլ երբեմն գյուղում հանդիպում եմ մարդկանց, ովքեր մեծ ջերմությամբ են հիշում նրան։ Եթե ​​դա վախից լիներ, հավանաբար կզգայի։
Հինգ տարեկան էի, երբ նրան սպանեցին։ Լացն ու ճիչն ինձ արթնացրին։ Նույնիսկ հիշում եմ, թե ինչ երազ էի տեսնում։ Բարեկամուհին բռնեց ձեռքս ու տարավ բակ։ Մութ էր։
Հետո ինձ ասացին, որ հարևանի շունը սատկել է։ Շուտով լսեցի, որ հորս սպանել է ատրճանակով մի մարդ։ Տան դիմաց, մեր բակում։ Նա 31 տարեկան էր։

Հորիցս ինձ մնացել են միայն մեկ վերնաշապիկ և դրամապանակ, որը մայրս էր օգտագործում նրա մահից հետո։ Մի անգամ, երբ արդեն մեծ էի, մայրս որոշեց այն ինձ նվիրել։ Ես այդ դրամապանակը չեմ օգտագործում, վախենում եմ կորցնել այն:
Գրություն մայրիկից. «Բաստի, սա քո հոր դրամապանակն է։ Երկար տարիներ այն ես էի օգտագործում։ Հիմա ուզում եմ, որ այն քեզ մոտ լինի։ Սիրում եմ»։
Հիմա եմ հասկանում, թե ինչ էր ինձ ասում, երբ նստած էինք մեքենայի մեջ։ Շատ հաճախ էր ինձ հետ խոսում ինձ համար բոլորովին անծանոթ մի բանի՝ ուսանողական կյանքի մասին։ Նույնիսկ նրա մահից հետո ուրիշներից լսում էի միայն այն, որ իմ ապագան կապված է կրթության հետ: Չէր ուզում, որ փողոցում հայտնվեմ։

Բարեբախտաբար, ես ինքս շատ տարբեր հետաքրքրություններ ունեի։ Սիրում էի կինո, գրականություն և երաժշտություն։ Եվ ես հանդիպեցի ինձ նման ընկերների: Մեկս մյուսի հետ կիսեցինք ալբոմներ և գրքեր: Գուրիայի իմ ընկերներն արտասովոր հումորի զգացում ունեին, և ես ապրում էի զարմանալիորեն դրական աշխարհում։ Ինչո՞ւ պետք է փողոցում ինչ-որ տեղ կանգնեմ, թքեմ ու խոսեմ անհասկանալի, անհետաքրքիր թեմաներից։

Այդ աշխարհը կապված է հիերարխիայի հետ։ Ես երբեք չեմ ձգտել իշխել ուրիշներին: Բայց աներևակայելի կլիներ նաև այն, որ ինչ-որ մեկը վերևից նայեր ինձ կամ կոպիտ խոսեր ինձ հետ։

Իհարկե, դա նույնպես արտոնություն էր, քանի որ դպրոցում ինձ ոչ ոք երբեք չի հարվածել։ Փաստորեն, հենց դպրոցում իմացա, թե ում որդին եմ։ Տանը ոչ ոք ինձ չի բացատրել այդ ամենը։
Բաստի Մգալոբլիշվիլի / Անձնական արխիվից
Իմ հասակակիցների կողմից հատուկ վերաբերմունք էի զգում։ Փողոցում կամ բակում բոլոր կոնֆլիկտներս լուծվում էին։

Սա ինձ մոտ որոշ բարդույթներ առաջացրեց։ Ես կասկածում էի իմ կարողություններին։ Ես Կախա Մգալոբլիշվիլիի որդին էի։ Բացի այդ, դրան գումարվել էր նաև որբությունը, որի մասին անընդհատ խոսվում էր իմ ներկայությամբ։ Չէի կարողանում հասկանալ, թե որն է իմ անձնական վաստակը, և որն է հորս կամ իմ որբության վաստակը։

Ես հաղթահարեցի այդ ամենը, երբ ընդունվեցի համալսարան և ստիպված եղա շփվել բոլորովին օտար հասարակության հետ։ Թբիլիսիում մաքուր էջից հարաբերություններ սկսեցի մարդկանց հետ, նախապաշարմունքներ չկային։ Ես կարող էի ինքնուրույն գոյություն ունենալ, և այլևս չկար ենթատեքստը, թե ում որդին եմ։

Հաճախ մտածում եմ, որ ամենայն հավանականությամբ հայրիկիս հետ տարբեր հարցերի շուրջ շատ տարաձայնություններ կունենայինք։ Սակայն ինձ պատմել են, որ նա շատ հետաքրքրասեր և ճկուն միտք ուներ։ Սիրում էր կինո, երաժշտություն և պոեզիա։ Կարծում եմ՝ այս ընթացքում նա կկարողանար ինձ հասկանալ։ Ինձ ճանաչողներն ասում են, որ նա շատ կհպարտանար ինձնով։ Ո՛չ նա, ո՛չ էլ իր շրջապատի քրեական հեղինակությունները չէին ուզի որ իրենց երեխաները գնան հայրերի ճանապարհով։
Եթե այս տեքստը կարդում է ինչ-որ մեկը, ով դեռ կարծում է, որ հանցագործ ճանապարհը ճիշտ ճանապարհ է, ես կուզեի մի հարց տալ՝ եթե դա ճիշտ ճանապարհ է, ապա ինչո՞ւ ոչ մի հայր չի ուզում, որ իր երեխան գնա նույն ճանապարհով։
Մենք հազվադեպ ենք խոսում այդ մասին: Բայց մենք՝ քրեական հեղինակությունների երեխաներս, պետք է մարդկանց պատմենք՝ ինչպես է ամեն բան իրականում։

Հատկապես հիմա, երբ մենք կանգնած ենք իրական վտանգի առաջ, որ փողոցի ինստիտուտը նորից կհզորանա։ Ի վերջո, 1990-ականների ավերված վիճակը և հասարակության կողմից ընդունումը լեգիտիմություն տվեցին այդ աշխարհին։ Իսկ եթե հիմա պետական ​​համակարգերը չաշխատեն, ապա միանգամայն հնարավոր է, որ քրեական հեղինակությունները նորից վերադառնան։

Ցավոք, վերջին տարիներին ես բազմաթիվ ռիսկեր եմ տեսնում, որ դա կարող է տեղի ունենալ։

JAMnews
ՏԵՔՍՏԸ՝ ՄԱՐԱԴԻՅԱ ԾԱԱՎԱՅԻ
ՆԱԽԱԳԾԻ ԽՄԲԱԳԻՐ՝ ՍՈՖՈ ԲՈՒԿԻԱ
Made on
Tilda