Ընտրելով կյանքը․ 28–ը, որ ծնվել են ապրեցնելու համար

Պատմություն այն երեխաների մասին, որոնք ծնվել են 2020 թվականի պատերազմում զոհված իրենց եղբայրներին «փոխարինելու»
2020 թ․–ի 44–օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի հստակ թիվ չի նշվում մինչ օրս։ Պաշտոնապես հաստատվել է 3 781 զոհվածի և 231 անհետ կորածի անուն։ Նրանցից շատերն ընդամենը 18 տարեկան էին։

Ու այս տղաներից մի քանիսի ծնողները որոշել են կրկին երեխա ունենալ՝ որպես կյանքը շարունակելու իմաստ։

Սակայն առերեսվել են մի կարծրատիպի, որը շատ տարածված է հասարակության մեջ․ որդի կորցրած ծնողները, հատկապես մայրերը այլևս պետք է սգից դուրս չգան։ Շատերն են կարծում, որ լիաթոք ապրելն ու նոր կյանք ստեղծելը հավասարազոր է մահացած երեխայի նկատմամբ դավաճանության։

Եվ նույնիսկ կրկին երեխա ունենալու խիզախություն ունեցող մայրերն էլ դեռ լիովին չեն հաղթահարել «ամոթը», որ նման քայլի են դիմել։

Տեղեկանք

Պատերազմից հետո, ՀՀ կառավարության որոշմամբ, անվճար բուժօգնություն նախատեսվեց բոլոր այն ընտանիքների ու կանանց համար, ովքեր պատերազմում զավակ էին կորցրել և կրկին երեխա ունենալու ցանկություն ունեին։ Խոսքը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության մասին է։


Որդեկորույս մայրերին մասնագիտական օգնություն տրամադրում են Հայաստանի 5 բուժհաստատություններում, երկրի առաջատար մասնագետները։ Մինչ այս «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը նախատեսում էր, որ անվճար բուժօգնությունից կարող են օգտվել միայն սահմանամերձ համայնքների բնակիչները, զինծառայողներն ու նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող և ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված մարդիկ։


Կանանց համար նախատեսված էր նաև տարիքային վերին շեմ՝ մինչև 35 տարեկանը։ Սակայն պատերազմը և դրանից հետո ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ սահմանեցին։

Զոհված զինծառայողների մայրերի համար բոլոր սահմանափակումները, այդ թվում նաև տարիքային շեմը վերացվեց։
Թվում էր՝ ծրագիրը հաջողություն չի ունենա՝ մի շարք կարծրատիպերի պատճառով։ Հոգեբաններն ասում են՝ հայ հասարակությունը պատրաստակամ է աջակցել կորստի պահին, կանգնել զավակ կորցրած կանանց կողքին, սակայն շատ հաճախ պատրաստ չէ ընդունել նույն այդ կանանց՝ կյանքը շարունակելու որոշումը։
«Ինչպե՞ս կարող են իրենց որդուց բացի այլ բանի մասին մտածել: Մի՞թե այդքան հեշտ է մոռանալը հարազատ երեխային: Ինչ լինում է, մեռնողին է լինում: Մյուսներն այնպես են ապրում, կարծես բան չի եղել»:
Երևանի 60-ամյա բնակչուհի
Այսպես է համարում 60-ամյա Երևանի բնակչուհին, որը չցանկացավ հրապարակել իր անունը։ «Չէր ցանկանա վիրավորել նրանց, ում համար առանց այն էլ շատ ծանր է»։ Սա եզակի կարծիք չէ: Նման կերպ են արտահայտվել շատերը, ում հետ քննարկել ենք այս թեման։
«Ինչպե՞ս են այդ ցավի մեջ երջանիկ երեխա մեծացնելու, բա մե՞ղկ չեն այդ երեխաները: Ամբողջ կյանքում ապրելու են մահացած եղբոր ստվերի տակ»:
Երևանի 32-ամյա բնակիչ
«Չեն ամաչո՞ւմ: Իրենց թոռ ունենալու տարիքն է, երեխա են ունենում: Այդ տարիքում ի՞նչ կարող են տալ նորածին երեխային»:
Երևանի 48-ամյա բնակչուհի
Կանայք իրենք էլ հաճախ ամաչում են ոչ միայն կրկին մայրանալ, այլև՝ շպարվել կամ գունավոր հագուստ կրել։

Ծրագրի գործարկումից երկու տարի անց, սակայն, ակնհայտ է՝ դիմողներ կան ու դեռ կլինեն:
Պատերազմի ավարտից հետո բժիշկների օգնությանը դիմել են զոհված զինծառայողների 343 մայրեր։
Այս ընթացքում ծրագրի շնորհիվ 28 երեխա է ծնվել։ 2021-22 թթ․–ին ծրագրի համար տրամադրվել է 917 մլն դրամ՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի:
Նելլին, Արան, Լեոնան և Լևոնը․ կյանքը մեջտեղում
Մանուկյանների հյուրասենյակի մի անկյունում արկղիկի մեջ անկանոն կերպով իրար վրա են կիտված գունավոր, սիրուն խաղալիքները։ Այսպես է բոլոր տներում, որտեղ նորածին երեխա կա։ Նույն անկյունում, խնամքով ու հստակ տրամաբանությամբ շարված են մեծ ու փոքր շրջանակներով լուսանկարները, որոնցից նայում է սիրուն Լևոնը՝ Թալիշի Լյովը։ Տան այս անկյունում իրար են հանդիպում զոհված Լևոնի ու նորածին Լեոնայի ճակատագրերը․

«Խառն է․ մեր կյանքի նման։ Մեռնել–ապրելու միջև ապրում ենք մի կերպ»,– ասում է հայրը՝ Արա Մանուկյանը, նայելով եղբոր լուսանկարների տակ օրորոցի մեջ պառկած դստերը։

19–ամյա Լևոնը զոհվել է 2020 թ․–ի 44–օրյա պատերազմի ընթացքում։ Մանուկյանների կյանքը կանգ առավ հոկտեմբերի 14–ին, երբ լսեցին որդու զոհվելու լուրը։ Հայրն ասում է՝ այդ օրվանից ապրում են առանց որևէ իմաստի։
«Լևոնի մահից մեկ տարի անց տղաս եկավ երազիս ու ինձ երկու ցուլիկ նվիրեց։ Արթնացա, պատմեցի ամուսնուս, ասացի, որ Լևոնս ինձ նշան է ուղարկել»։
Նելլի Ղահրամանյան
«Այդ օրը որոշեցինք, որ պատրաստ ենք երեխա ունենալ՝ չնայած, որ լուրջ առողջական խնդիրներ ունեի, արդեն 41 տարեկան էի, ուշ էր։ Բայց այդ երազից հետո ոչ մի րոպե չեմ կասկածել, որ ստացվելու է»,– ասում է Լևոնի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը։

Հայրը, սակայն, երազին չհավատաց․ որդու մահից հետո նա ընդհանրապես ոչինչի չի հավատում։ Ասում է՝ ողջ կյանքն ապրել է՝ «լավություն արա, լավը կստանաս» սկզբունքով, բայց իրեն ամենավատը բաժին հասավ:

«Ես չգիտեմ՝ ինչպես ենք ապրում։ Ես չգիտեմ՝ ինչպես է հնարավոր ապրել այս կարոտի մեջ։ Արթնանում ես նույն մտքով, քնում նույնով։ Կարոտը ոչ մի վայրկյան չի դադարում, չի պակասում։ Բոլորն էլ ապրում են, միայն իմ տղան է, որ չկա։ Ինչո՞ւ։ Այդ հարցի պատասխանն է, որ երկու տարուց ավելի է՝ փնտրում եմ ու չեմ գտնում»,– ասում է Արան։
Երեխա ունենալու որոշումից ընդամենը 2 ամիս անց Նելլին հղի էր։ Ամիսներ անց իմացավ՝ զույգի է սպասում, երկուսն էլ աղջիկ։
Հղիության 6–րդ ամսում Նելլիի վիճակը վատացավ․ առողջական խնդիրներին գումարվեցին նաև քովիդն ու թոքաբորբը։ Լեոնան և Լիան ծնվեցին 6 ամսականում։ Լիան ապրեց միայն 24 ժամ, Լեոնան որոշեց չհանձնվել։

«Ընդամենը 1 կգ էր, երբ ծնվեց, բայց ես միանգամից հասկացա՝ կապրի։ Ծնվելիս այնքան բարձր էր ճչում, կարծես ասեր՝ ես եմ, եկել եմ։ Միայն մի քանի վայրկյան տեսա Լեոնային, միանգամից տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք։

Մի քանի օր հետո խնդրեցի թույլ տան, որ գոնե հեռվից տեսնեմ նրան։ Երբ մոտեցա քյուվեզին, որում պառկած էր, սիրտս կանգնեց․ այնքան փոքր էր, կարծես ոսկոր չունենար, հստակ տեսնում էի սրտի ամեն բաբախումը՝ կրծքի տակ։ Գիտեի, որ թույլ է, այնքան, որ միայն երկու ամիս հետո կարողացա գրկել նրան, բայց ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կապրի․ իր եղբոր նման պայքարող ու ուժեղ է։ Ինքը պետք է ապրեր, որ մենք ապրեինք»,– ասում է Նելլին։
Վերապրելով երեխաներին ու վիշտը
Հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ռեքավրի» քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը, երկու տարուց ավել է, ինչ աշխատում է պատերազմի հետևանքով իրենց զավակներին կորցրած ընտանիքների հետ։

Բաղդասարյանն ասում է՝ հարազատի կորուստը մարդու կյանքի ամենածանր տրավմաներից մեկն է, հատկապես, երբ դա անսպասելի և անբնական է լինում։ Հոգեբանը խոստովանում է՝ մայրերի հետ երկարատև աշխատանքը ցույց տվեց, որ հատկապես գյուղական համայնքներում կամ մարզերում բազմաթիվ են կարծրատիպերը՝ կապված զավակ կորցրած կանանց հետ։
«Շատ հետաքրքիր և ունիկալ է մեր հասարակությունը։ Մի կողմից այն շատ աջակցող է։ Այն պահին, երբ կանայք ունենում էին այդ կորուստը, ողջ հասարակությունը՝ գյուղ լինի, քաղաք, բարեկամություն կամ հարևանություն, անմիջապես կանգնում են կնոջ կողքին, փորձում են նրան աջակցել, օգնել, դուրս բերել սգի այդ ծանրագույն փուլից։

Բայց, երբ կինը փորձում է ոտքի կանգնել, պատրաստ է իր առօրյան շարունակել ինչ–որ կերպ, գտնում է իր մեջ ուժ՝ կյանքը շարունակելու, այստեղ սկսում է ստիգմավորումը։ Կնոջը, կարծես, չի ներվում՝ կյանքը շարունակելու իր առաքինությունը»։

«Մարդը, որ ունեցել է ծանր տրավմա, մյուս կողմից ուժ է ստանում ավելի վեհանալու, նոր ձեռքբերումներ ունենալու, իսկ վերականգնվող անձը, բնականաբար, ավելի շատ ռեսուրսներ ունի։ Հասարակության մեծ մասն ի վիճակի չէ ընկալել սեփական ուղին, նպատակները, այն, թե ուր են գնում։ Եվ այսպիսի «արթնացած» մարդկանց օրինակները սկսում են նյարդայնացնել նրանց։ Եթե հասարակությունը վերանայի իր մոտեցումներն այս իմաստով, այս մայրերը կարող են լավագույն օրինակ դառնալ՝ կյանքի ամեն նոր օրը նորովի ապրելու, նոր նպատակներ նախանշելու համար»։
«Այս կանանց որդիների մահից անցել է ավելի քան երկու տարի, բայց նրանցից շատերը հրաժարվում են շպարվել, մազ ներկել, ընդհանրապես՝ խնամքի միջոցներ օգտագործել։ Երբ հարցնում ենք այս կանանց, թե որն է պատճառը, նրանք պատասխանում են, որ դա հասարակության կողմից ճիշտ չի ընկալվի»։
Լիլիթ Բաղդասարյան
«Հենց դա է պատճառը, որ մենք մեր «Հավասար խորհրդատուների» հետ ստեղծել ենք կանոններ, որոնք կպաշտպանեն մայրերին՝ նման ստիգմավորված մոտեցումից։ «Հավասար խորհրդատուները» իրենք էլ որդեկորույս մայրեր են՝ «Հավերժ» ՀԿ–ի ներկայացուցիչներ, ովքեր ժամանակին դիմել են հոգեբաններին՝ աջակցության համար»։
«Միևնույն ժամանակ հոգեբաններն առերեսվեցին ևս մեկ կարծրատիպի․ ծնողները հրաժարվում էին հոգեբանական աջակցությունից՝ համարելով, որ իրենց ցավը ոչ ոք չի հասկանա։ Հենց այս մարդկանց աջակցելու համար «Ռեքավրի» քոլեջի մասնագետները վերապատրաստեցին «Հավերժ» ՀԿ–ի որդեկորույս մայրերին, որոնց համար բոլոր տներում դռները միշտ բաց են։

«Հավասար խորհրդատուներն այսօր մեզ համար կապող օղակ են դարձել՝ որդեկորույս մայրերի ու մասնագետների միջև։ Միայն այն մարդիկ, ովքեր եղել են նման իրավիճակի մեջ, կարող են հասկանալ միմյանց։ Եվ միայն իրենք կարող են որոշել՝ ինչ են ուզում անել, ինչ՝ ոչ, ինչպես պետք է ապրեն։ Եվ նրանց համար հիմնական կանոնը պետք է լինի մեկը՝ որևէ մեկը, իրենցից բացի, չի կարող որոշել, թե ինչպես պետք է սգալ, ինչպես վերապրել, ինչպես ապրել, երբ ժպտալ և երբ լաց լինել, ինչպիսին կլինի իրենց արտաքին տեսքը»,– ասում է հոգեբանը։
«Իհարկե, ընտանիքում նոր երեխայի ծնունդը չի նշանակում, որ մենք դադարում ենք հիշել մեր կորստի մասին։ Սա ուղղակի նշանակում է, որ տեղի է ունենում մի երևույթ, որը կոչվում է իմաստակառուցում․ մենք սկսում ենք գտնել նոր իմաստներ՝ կյանքը շարունակելու համար։ Եթե այս հոգեվիճակը տևում է 1-2 տարուց ավելի, նշանակում է՝ մենք գործ ունենք պաթոլոգիկ վշտի հետ, որը բերում է մի շարք հոգեբանական և ֆիզիկական խնդիրների՝ անքնություն, հյուծվածություն, ընկճախտ և այլն»։
Մասնագետն ասում է՝ որքան էլ տարօրինակ է, բայց հասարակական նման կարծրատիպերի հանդեպ կանայք առավել խոցելի են դառնում։ Հատկապես մեր հասարակության մեջ ընդունված է համարել, որ երեխայի կապը մոր հետ ավելի ամուր է, քան հոր հետ։ Այդ պատճառով էլ երեխայի կորստից հետո տղամարդու՝ բնականոն կյանքին վերադառնալը առավել քիչ է քննադատվում, օրինակ, աշխատանքի վերադառնալը։

«Հասարակության մեջ ընդունված չէ, որ տղամարդը դիմի հոգեբանի, քանի որ նա «պարտավոր» է ուժեղ լինել, իրենց ցավն ու կորուստը անձայն տանել։ Հենց այդ պատճառով էլ հայրերի դեպքում մենք ավելի շատ ունենում ենք ոչ թե հուզական պոռթկումներ, այլ հուզամարմնական խախտումներ՝ ինֆարկտի, աղեստամոքսային տրակտի խանգարումների, գլխացավերի, ցավոք, նաև ալկոհոլային կախվածության տեսքով»։

Նոր երեխայի ծնունդը, ըստ հոգեբանի, այս բոլոր ստիգմաների դեմ է։

«Ցավոք սրտի, լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ ընտանիքները որոշում են երեխա ունենալ՝ դեռ վիշտը չվերապրած։ Այդ դեպքում նրանք դեռ հուզականորեն պատրաստ չեն նորածին երեխային տալ այն ամենը, այն սերը, որը հենց այդ նորածնինն է, այլ ուղղակի փոխարինում են այն սերը, որ դեռ կա իրենց սրտում, և միշտ էլ լինելու է իրենց մեծ զավակի նկատմամբ՝ տալով դա նորին։

Ընտանիքի հուզականորեն անկայուն վիճակն անպայմանորեն ազդում է երեխայի զարգացման վրա»։
Լևոնի երազանքը՝ Լեոնան
Լեոնան միանգամից զգում է, երբ ծնողները խոսում են եղբոր մասին։ Հատկապես, երբ մայրը սկսում է լաց լինել, միանգամից սրտնեղում է, սկսում թնկթնկալ, կարծես փորձելով ցրել ծնողների տխուր մտքերը։ Այսինքն ծնոնղներն այսպես են դա ընկալում։

Նելլին ասում է՝ հաճախ է Լեոնային քնեցնելիս դիտում հեռախոսի մեջ մնացած տեսանյութերը։ Դրանցից մեկը Լևոնի վերջին զանգից է։ Ճերմակ փուչիկները, որոնց մեջ պատանիները գրել էին իրենց երազանքները, հենց Լևոնը երկինք բաց թողեց։ Ինչ երազանք էր պահել Լևոնը, ծնողները մինչ օրս էլ չգիտեն, բայց վստահ են՝ որդու մի երազանքն իրենք կատարել են՝ Լևոնը երազում էր ևս մեկ քույր կամ եղբայր ունենալու մասին։
Հեղինակ՝
Սոնա Մարտիրոսյան

Տեսանյութը/լուսանկարները՝
Արման Ղարաջյանի
Made on
Tilda