Այս պատմությունը նրանց մասին է, ովքեր ապրում են Վրաստանի հարավային հատվածում և կարծում են, որ երկրի մնացած մասը վաղուց իրենցից առանձին է ապրում

Վրաստանի
ցուրտ հարավը

Վրաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կան, որոնք գրեթե ամբողջությամբ կախված են այլ երկրից․ նրանց ընտանիքներն ապրում են Ռուսաստանում վաստակած գումարով։ Նրանք ունեն ռուսական և հայկական անձնագրեր, իսկ տեղեկությունները ստանում են հիմնականում ռուսական և հայկական լրատվամիջոցներից։

Նախագծի նպատակը պարզելն է, թե ինչու է նման բան տեղի ունեցել։ Արդյո՞ք աճում է ռուսական ազդեցությունը շրջանում և արդյո՞ք դա սպառնալիք է այնտեղ բնակվող մարդկանց բարեկեցությանն, ինչպես նաև Վրաստանի պետականությանն ու շրջանի կայունությանը։
Ջավախքը Վրաստանի հարավում գտնվող պատմական-աշխարհագրական շրջան է՝ Սամցխե-Ջավախեթի շրջանի կազմում։

Ջավախքը բնակեցված է Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներով։
Մակերես
2 588 քառ․ կմ

Բնակչություն
69 561 մարդ


էթնիկ հայեր

93,63%-ը
Նինոծմինդա և Ախալքալաք
(երկու քաղաք և
95 գյուղ)
Ջավախքն ունի երկու մունիցիպալիտետ
էթնիկ վրացիներ

5,91%-ը
ՄԱՍ I

Սեզոնային ամուսիններ
Ջավախքում ապրող հազարավոր տղամարդիկ գարնանը լքում են իրենց տներն ու մեկնում Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքների։ Մինչև խորը աշուն նրանք աշխատում են այլ երկրներում՝ ընտանիքը պահելու համար, ձմեռում են հայրենիքում։
Ձմռանը Ջավախքը ձնով է ծածկվում։ Շրջանը գտվնում է ծովի մակերևույթից 2 100 մետր բարձրության վրա։ Այդպիսի խստաշունչ ձմեռ Վրաստանի ոչ մի ուրիշ շրջանում չի լինում․ ցրտերը հասնում են նույնիսկ մինուս 30 աստիճանի։

Երբ ուժեղ ձյուն է գալիս, բարձրադիր գյուղերի ճանապարհներն ամիսներով փակվում են։ Այդ բնակավայրերում ճանապարհները հազվադեպ են մաքրում։
Ջավախքն ալպիական գոտի է, այստեղ անտառներ գրեթե չկան։ Փոխարենը՝ շատ է թափանցիկ, թարմ օդն ու կապույտ երկինքը։ Իսկ գեղեցիկ լճերը, որոնցով այնքան հարուստ է այս բնակավայրը, ձմռանը պատվում են սառույցով։

Տեղացիները հարմարվել են խիստ ձմեռներին։

Այս պամաններին է հարմարեցված նաև ճարտարապետությունը․ գյուղերում հիմնականում մեկհարկանի քարե տներ են։ Որոշների տանիքները ծածկված են ծղոտով, այդպես շինությունն ավելի շատ ջերմություն է պահպանում։

Վերջին տարիներին գյուղերից շատերում գազ է անցկացվել, մարդիկ գնել են կենցաղային գազաջեռուցիչներ։ Սակայն չորացրած աթարը դեռ ջեռուցման միջոցներից մեկն է, հատկապես՝ գյուղական համայնքներում։ Այն ուղղանկյուն բրիկետի տեսք ունի, որը պատրաստվում է կլոր տարի հատուկ տեխնոլոգիայով։

«Կոֆե-մոֆե՞», - ձեզ անպայման կհարցնեն Ջավախքում, երբ որևէ մեկին հյուր գնաք։ Դա նշանակում է սուրճի են հրավիրում։

Հին կիսակենդանի «Օփելով» Ախալքալաքից գնում ենք Կարտիկամ գյուղ։ Զառիթափ ճանապարհը ձնածածկ է և կեղտոտ, իսկ մեր վարորդ Լյովա քեռին նույնիսկ աչքը չի թարթում, այդպես էլ մեքենան վարում է ձնածածկ ճանապարհով։

Կարտիկամի կենտրոնում ապրում է երեքհոգանոց ոչ մեծ մի ընտանիք։ Ավանդական ջավախական քարե տան միջանցքում մեծ թուջե վառարան է դրված։ Դրա վրա սուրճ է եփվում, որի բույրը տարածվում է ողջ տնով։

Գարեգինի պատմությունը բնավ բացառիկ չէ։ Դա այստեղի հազարավոր հայ տղամարդկանց կենսակերպն է։

Ձմեռը տարվա այն եղանակն է, երբ այս ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են միասին։ Տանտիրուհի Վեներայի համար դա իսկական տոն է․ ամուսինը, տղան, որոնք մեկնում են Ռուսաստան աշխատելու, հիմա տանն են։

Գարեգինը 60 տարեկան է։ Նա պատմում է, թե ինչպես է ստացվել, որ կյանքի կեսից ավելին Ռուսաստանում է անցկացրել՝ ընտանիքից հեռու։

«Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ։ Ուսում եմ ստացել Ռոտովում, հետո վերադարձել եմ հարազատ գյուղ և սկսել դպրոցում որպես ուսուցիչ աշխատել։ Հետո ինչ-որ ժամանակ ինժեներ եմ աշխատել ֆերմայում, այնուհետև՝ քարահանքում։ Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, այստեղ ամեն ինչ կանգ առավ՝ ձեռնարկություններն, ամեն ինչ։ Միայն ռազմաբազան էր աշխատում։ Ոչ մի տեղ էլ աշխատանք չկար։ Իսկ ես երեխաներ ունեի, ընտանիքս պետք է պահեի։ Ինձ համար շատ ժվար էր, բայց ի՞նչ արած։ Առաջին անգամ մեկնեցի 1996 թ-ին, և այն ժամանակից այդպես եմ կերակրում ընտանիքս»։

Վրաստանում պաշտոնական վիճակագրություն չկա, թե որքան մարդ է Ռուսաստան մեկնում՝ ձևավորելով սեզոնային աշխատաշուկան։ Սոցիալական արդարության կենտրոնը, որն ուսումնասիրում է փոքրամասնությունների խնդիրները, հաղորդում է, որ Ջավախքի տրամադրած տվյալներով՝ աշխատունակ տղամարդկանց շուրջ 70%-ը ներգրավված է աշխատանքային միգրացիայի մեջ։

Տեղական Jnews մեդիակազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ Ջավախքի 63% ընտանիքների գոնե մեկ անդամը Ռուսաստանում է աշխատում։ Այսինքն՝ տասն ընտանիքներից վեցը «սեզոնային ամուսին» ունի։ Այսպես են այստեղ անվանում տղամարդկանց, որոնք տանն են անցկացնում տարվա միայն մի եղանակը։

Ի տարբերություն Վրաստանի մյուս շրջանների, որտեղ արտագաղթը նույնպես բարձր է՝ հայկական ընտանիքներից սեզոնային աշխատանքների են մեկնում միայն տղամարդիկ։

Աշխարհագրությունը շատ սահմանափակ է․ Ջավախքից գրեթե բոլորը Ռուսաստան են մեկնում։

Ոմանք այնտեղ կես տարի են անցկացնում, մյուսները՝ տասն ամիս։ Դա կախված է նրանից, թե ինչ աշխատանք են նրանք անում և երբ են ավարտում։

Վրաստանի Ազգային վիճակագրության վարչության տվյալներով՝ 2021 թ-ին Վրաստանում գործազրկությունը կազմում էր 18 տոկոս։

Ջավախքում գործազրկության մակարդակը կազմում է 11,4%։

Սակայն, ինչպես ասում են փորձագետներն, այդ թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե վիճակագրությունը հաշվի չառներ ինքնազբաղվածներին՝ որպես աշխատանք ունեցողներ։ Այսինքն՝ այլ երկիր սեզոնային աշխատանքի մեկնած մարդն, ըստ վիճակագրության, համարվում է աշխատանքի տեղավորված։

Գարեգինը Ռուսաստան է մեկնում յուրաքանչյուր տարի։ Հիմնականում աշխատում է շինարարությունում, ինչպես Ջավախքի մյուս տղամարդիկ։

Երբեմն նա մեծ օբյեկտ է կառուցում որևէ խոշոր ընկերության պատվերով, երբեմն՝ մասնավոր պատվեր վերցնում, վերանորոգում քոթեջներ և տներ։

Ջավախքից մեկնած տղամարդկանց համար հեշտ է Ռուսաստանում աշխատանքի տեղավորվել։ Այնտեղ շատ են ջավախահայերը, որոնք սեփական շինարարական ընկերություններ են հիմնել։ Եվ այժմ նրանց համաքաղաքացիներն էժան աշխատուժ են։

Որպես կանոն՝ ջավախահայերը մի քանի հոգով են մեկնում՝ «բրիգադով», որի տարբեր անդամները տարբեր շինարարական հմտություններ ունեն։

Գարեգինի և նրա «բրիգադի» միջին աշխատավարձը կազմում է ամսական 55-65 հազար ռուբլի [մոտ $700-800]։

Ջավախքի «խոպանչի» տղամարդիկ, ինչպես նրանց այստեղ անվանում են, մի սեզոնում միջինում տուն են բերում 20-25 հազար լարի [$ 6-8 հազար]։

Այդ փողերը բաշխվում են դեռևս մեկնելուց առաջ։

«Երբ տանն ամեն ինչ ունես, այդ փողերը նորմալ բաշխվում են։ Իսկ եթե, օրինակ, կինդ զանգահարում և ասում է, որ սառնարանը կամ հեռուստացույցը փչացել է կամ էլի ինչ-որ բան, դա չնախատեսված ծախս է», - ասում է Գարեգինը։

Գարեգինը Ռուսաստանում միջինում տարեկան յոթ ամիս է անցկացնում։ Նրա կինը՝ Վեներան, տանը մենակ է մնում և զբաղվում տնային տնտեսությամբ․

«Կարտոֆիլ, կովեր, խոզեր, բանջարեղեն, լոլիկ, վարունգ, ամեն ինչ ունենք։ Նա մենակ էր դրանով զբավում։ Դա ծանր է։ Ոչ միայն նրա, այլև ինձ համար։ Լվացքը, հաց սարքելը, ափսե լվանալն ինձ վրա էր։ Իսկ հիմա [նա այնտեղ ստիպված ինքն է այդ ամենն անում]։ Տղամարդու համար, իհարկե դժվար է ափսե լվանալը կամ լվացք անելը»։

Վեներան 20 տարեկան է եղել, երբ ամուսնացել է Գարեգինի հետ։ Դրանից առաջ նա ավարտել է Լենինականի հաշվապահական տեխնիկումը։ Երկու տարի աշխատել է գյուղխորհրդում։ Հետո սկեսուրը հիվանդացել է, և նա աշխատանքից դուրս է եկել։

Գարեգինի գլխավոր նպատակն ընտանիքն այն վիճակի բերելն է, որ որդին ստիպված չլինի արտերկիր մեկնել աշխատելու։ Վլադիսլավն ավարտել է Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանը։ Մեկ տարի աշխատել է որպես փորձնակ լրագրող տեղական Jnews լրատվականում, այնուհետև անցյալ տարի հոր հետ միասին Ռուսաստան է մեկնել։ Գարեգինը չի ուզում, որ Վլադիսլավն իր օրինակին հետևի․

«Ես դրա համար չեմ նրան կրթության տվել։ Եթե նա հնարավորություն ունենա ապրուստի միջոց վաստակելու և նորմալ ապրելու, ես, ոչ մի րոպե չեմ կասկածում, չեմ թողնի, որ նա ինչ-որ տեղ մեկնի»։

Ռուսաստանի մասնաբաժինը Վրաստանի դրամական փոխանցումների ծավալում ամենամեծերից մեկն է։ Օրինակ՝ 2022 թ-ի հունվարին արտասահմանից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 169 մլն դոլար (12,7 տոկոսով ավելին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում)։ Ռուսաստանն այդտեղ երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 22 մլն դոլարով։ Այժմ սեզոնը չէ, և այդ գումարը դեռ այնքան էլ մեծ չէ։ 2021 թ-ի ամռանը Ռուսաստանից փոխանցումները կազմել են 37-40 մլն դոլար։

«Ռուսական փողերի ազդեցությունը շրջանի վրա մեծ է։ Այդ գումարները Ջավախք են գալիս ոչ միայն սեզոնային միգրացիայի, այլև հազարավոր մարդկանց հաշվին, որոնք Ռուսաստանում վաստակած գումարներով պահում են Վրաստանում մնացած ընտանիքներն ու հարազատներին։

Կարևոր չէ՝ սեզոնային միգրանտ եք, թե ոչ։ Կարևոր է, թե որքան գումար է Ջավախք մտնում Ռուսաստանից։ Սեզոնային միգրացիան վտանգավոր է Վրաստանի համար, որովհետև այդ մարդիկ, փողից բացի, բերում են նաև տեղի [ռուսական] մտածողությունը։ Ռուսաստանում արմատավորված են պահպանողական արժեքները, այնտեղից եկածներն էլ դառնում են այդ արժեքների կրող և փաստացի վերածվում այդ պետության դաշնակցի։ Իսկ Վրաստանը պետք է այլ կերպ զարգանա», - ասում է «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Առնոլդ Ստեփանյանը։

ՄԱՍ II

Ռուսական ռազմաբազան՝ որպես լավ կյանքի հիշեցում
Քաղաքում տեղակայված ռուսական ռազմաբազան, որը փակվել է 2007 թ-ին, տարիներ շարունակ Ջավախքի հայ համայնքի սոցիալ-մշակութային հենքն է եղել․ աշխատանք է ապահովել հարյուրավոր տեղացիների համար՝ նրանց հնարավորություն տալով որակյալ կրթություն և բուժում ստանալ։

Լքված, կիսավեր շենքերը, կիսադատարկ տները, դատարկ փողոցներն ու սառը ձմեռային քամու խշշոցն այս վայրը նման են դարձնում ուրվական քաղաքի։

Երբեմն հաստ վերարկուներ հագած կանայք դուրս են գալիս շենքերի մուտքից, որ աղբը թափեն կամ լվացքը դրսից տուն բերեն, այնուհետև արագ անհետանում են գորշ մուտքերում։

Այսպես կոչված «գորոդոկում», որն Ախալքալաքի ծայրամասում է, նախկինում ռուսական ռազմաբազան էր տեղակայված։

Ռուսական ռազմական տեխնիկայի վերջին շարասյունը լքել է Ախաքալաքը 2007 թ-ի մայիսին՝ ազդարարելով այս շրջանում ռուսական ռազմական ներկայության գրեթե 200-ամյա պատմության ավարտը։

Ջավախքը Ռուսական կայսրության համար վերջին կետն էր, վերջին ֆորպոստը՝ թուրքերի դեմ։ Իսկ տեղի հայերի համար Ռուսաստանի ներկայությունն այստեղ իրենց անվտանգության երաշխիքն էր և պաշտպանությունը պատմական թշնամուց՝ Թուրքիայից։

Երբ 1952 թ-ին Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, Ախալքալաքի բազան էլ ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց․ այն տեղակայված էր հենց ԽՍՀՄ և ՆԱՏՕ-ի սահմանին։

ՆԱՏՕ-ի հետ սահմանին մոտ լինելը նաև նշանակում էր, որ խորհրդային տարիներին ողջ շրջանը փակ գոտի էր․ օտարերկրացիներին այստեղ չէին թողնում, խորհրդային քաղաքացիներին նույնպես հատուկ թույլտվություն էր պետք։

Այդ իրավիճակում Ջավախքի հայկական բնակչության և ռուս զինվորականների միջև հարաբերությունները զարգանում էին՝ առանց դրսից որևէ միջամտության։

Շուրջ 1 500 մարդ էր ռուսական բազայի համար աշխատում Խորհրդային Միության տարիներին և դրանից հետո։ Տասը տոկոսը կազմում էին հայերը, որոնք բնակվում էին Ախալքալաքում և Նինոծմինդայում։

Այդ պատճառով էլ բազայի փակման մասին որոշումն Ախալքալաքում մեծ ուրախություն չառաջացրեց։

Հայկական բնակավայրերում մարդկանց 65 տոկոսը Խորհրդային Միության փլուզումը վատ իրադարձություն է համարում (աղբյուր՝ NDI, 2019 թ-ի ապրիլ)։

2007 թ-ի մայիսի 24-ին ռուսական ռազմական տեխնիկայի վերջին շարասյունը լքել է Ախալցխայի ապրանքակայանը։

Տեղի Jnews պարբերականի խմբագիր Ռիմա Ղարիբյանն ասում է, որ ռուս զինվորականների հետ մեկտեղ հեռացել են հարյուրավոր տեղի բնակիչներ, որոնց այլընտրանքային ծառայություն են առաջարկել Ռուսաստանում։

Վրաստանի իշխանությունն այն ժամանակ տեղացիներին խոստացավ շրջանում աշխատատեղեր բացել, մասնավորապես՝ նույն հատվածում վրացական ռազմաբազա տեղակայել, որտեղ տեղացիները կաշխատեն։ Սակայն 15 տարի անց զբաղվածության խնդիրը շրջանի, ինչպես նաև ողջ երկրի ամենալուրջ խնդիրն է։

Մինազար տատը 80 տարեկան է։

Նա մենակ է ապրում նախկին ռազմաբազայի տարածքում գտնվող մեկսենյականոց բնակարանում։ Տանը ցուրտ է, ջեռուցիչ չի երևում։

Նա դեռևս բժշկական քոլեջի ուսանող է եղել, երբ եկել է ռազմական հոսպիտալում փորձաշրջան անցնելու։ Գլխավոր բժիշկն այնքան է հավանել նրան, որ աշխատանքի է վերցրել հենց փորձաշրջանից հետո։ Այդ օրվանից Մինազարն ապրում է «գորոդոկում»։ Այստեղ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ, որը զինվորական է եղել՝ ենթասպա։

«Հոսպիտալում ինձ ասում էին «զապասնայա պոկրիշկա» [պահեստային անվադող] , որովհետև ամեն տեղ էի՝ թերապիայում, ինֆեկցիոն բաժանմունքում, սրտաբանականում։ Ինձ հետաքրքիր էր, ուզում էի ամեն ինչ իմանալ։ Աշխատել եմ այնքան ժամանակ, մինչև որ Խորհրդային Միությունը փլուզվել է։ Իսկ հետո ոչ ոքի պետք չէի»։

«Ես եմ, Ասյան, Ռիման, էլ մարդ չկա», - պատմում է Մինազարն իր շենքում մնացած մարդկանց մասին, որոնք նախկինում բազայում են աշխատել։

Մինազար տատը երկու որդի է ունեցել, երկուսն էլ Ռուսաստան են տեղափոխվել։ Մի քանի տարի առաջ Մոսկվայում նրանցից մեկին սպանել են։ Մինազար տատի ամուսինն էլ է մահացել երեք տարի առաջ։

Մինազարը մինչ օրս պահպանել է խորհրդային անձնագիրն ու Ռուսաստանից կենսաթոշակ է ստանում։

«Ես սենց ծերություն չէի կարող պատկերացնել, այսպիսի միայնություն, - ասում է նա մեզ։ - Այն ժամանակ լավ էր, Խորհրդային Միությունը չպետք է փլուզվեր։ Բայց մենք չենք ուզում ավելորդ բաներ խոսել, խնդիրներ չենք ուզում»։

Իր տնից դուրս գալու պահին նա մեր գրպանները կոնֆետ է լցնում ու խնդրում երբեմն այցելել իրեն․

«Ես այստեղ ոչ ոք չունեմ, ոչ մի ազգական, միայնակ եմ»։

Ռուսական բազայի հեռանալուց հետո ռուս սպաների բնակարանների մի մասը փոխանցվել է տեղի բնակիչներին։ Ոմանք վաճառել են տները․ գնորդները հիմնականում Ախալքալաքի բնակիչներն են եղել։ Ոմանք չեն կարողացել վաճառել և արտագաղթել են, նրանց բնակարաններն այժմ դատարկ են և քիչ-քիչ ավերվում են, որովհետև դրանցում ապրող չկա։

«Երբ դեռ փոքր էի, այս բնակավայրն Ախալքալաքի ամենաբարեկարգն էր։ Հիշում եմ, թե ինչպես էի դպրոցից փախնում և գալիս այստեղ․ փողոցներն ասֆալտապատ էին, մանկական կարուսելներ կային, ամեն ինչ մաքուր էր և կոկիկ», - հիշում է Ռիմա Ղարիբյանը։

ՄԱՍ III

Պետական լեզուն՝ որպես խոչընդոտ
Ջավախքում ապրող Էթնիկ հայերի մեծ մասը վրացերեն չի խոսում։ Այստեղ սերունդները մեծացել և ծերացել են այնպես, որ առօրյա կյանքում նրանց պետք չի եղել պետական լեզուն։ Նրանց մայրենի լեզուն էլ պետական կարգավիճակ չունի, այդ պատճառով պաշտոնապես չի օգտագործվում։ Այս ամենը բարդացնում է նրանց ինտեգրումը Վրաստանում։
Ռոզան, Նարինեն և Վերոնիկան ընկերներ են։ Երեքն էլ՝ դպրոցականներ են։ Սովորում են Զաք գյուղի հայկական դպրոցում։

Ռոզան ու Վերոնիկան Նարինեին հյուր են եկել։ Նրա հայրն ընկերներին իշխան ուտելու է հրավիրել։

Նրանց ընտանիքներում ոչ ծնողները, ոչ տատիկ-պապիկները վրացերեն չգիտեն։

«Երբ լեզուն քեզ կենցաղում պետք չի գալիս, այն չես օգտագործում, այդ ժամանակ սովորելը դժվար է։ Գյուղում բոլորս հայերեն ենք խոսում։ Եվ վերջ», - պատմում է Նարինե Կարախանյանը։

Վարդանը նույնպես այն տեղացիներից է, որոնք արտերկիր մեկնելով են վաստակել։ Այս իշխանի տնտեսությունը կառուցվել է Ռուսաստանում սեզոնային աշխատանքով վաստակած գումարով։

Վարդանն էլ Ռուսաստան չի մեկնում։ Նա իշխան է աճեցնում և միաժամանակ աշխատում որպես պահակ և մատակարար Զաքի դպրոցում։

Վարդանն ասում է, որ իր սերնդի և ներկայիս երիտասարդության միջև մեծ տարբերություն կա։

«Մենք փաստացի բառ անգամ չգիտեինք վրացերեն։ Իսկ երիտասարդությունը շատ լավ տիրապետում է վրացերենին», - ասում է նա։

Վերջին՝ 2014 թ-ի մարդահամարի համաձայն՝ Ջավախքում բնակվող 81 089 հայերից միայն 16 676-ն է ազատ տիրապետում վրացերենին։

Այս շրջանում վրացերենի ուսուցիչների և որակավորված մասնագետների խնդիր միշտ է եղել։ 2009 թ-ից Ջավախքում գործարկվել են վրացերենի ուսումնասիրման երկարաժամկետ ծրագրեր։

«Վրացերենը՝ որպես երկրորդ լեզվի դասավանդում»․ այսպես էր կոչվում ծրագիրը, որի շրջանակում Վրաստանի տարբեր շրջանների 50 ուսուցիչներ են ուղարկվել՝ Ջավախքի հայալեզու դպրոցներում աշխատելու։

Նրանց թվում է եղել նաև Ծաուլինա Մալազոնիան։

Արդեն 12 տարի է՝ Ծաուլինան ապրում է Ջավախքի Զաք գյուղի վարձով տանը և վրացերեն դասավանդում տեղի դպրոցում։ Ռոզան, Նարինեն և Վերոնիկան նրա աշակերտներն են։


Ծաուլինան հիշում է, թե ինչպես են իրեն դիմավորել տեղացիները գյուղում․

«Երբ եկա, ինձ ասացին․ «Լավ է, որ եկել ես և վրացերեն ես սովորեցնելու։ Բայց այստեղ դրա համար մոտիվացիա չկա, որովհետև այստեղից Ռուսաստան են մեկնում աշխատելու և Հայաստան՝ սովորելու։ Մեր ինչի՞ն է պետք վրացերենը»։

Ծաուլինան ասում է, որ այս տարիներին Ջավախքում շատ բան է փոխվել․

«Գլխավոր փոփոխությունն այն է, որ երիտասարդներն աստիճանաբար սկսում են իրենց ապագան կապել Վրաստանի հետ»։

Մի քանի տարի առաջ Ջավախքի երիտասարդների մեծ մասն ուսումը շարունակում էր Հայաստանում կամ Ռուսաստանում։ Երևանի Ռուս-հայկական համալսարանը լավ հնարավորություն էր երիտասարդների համար, որ բարձագույն կրթություն ստանան։

Սակայն բեկումնային էր նախագիծը, որը հայտնի է որպես «1+4 կրթական ծրագիր»։ Նախագիծն իրականացվում է Վրաստանի կառավարության կողմից 2010 թ-ից։ Քվոտա կա ոչ վրացալեզու ուսանողների համար․ նրանք ընդհանուր թեստ են հանձնում մայրենի լեզվով, հետո ինտենսիվ կերպով վրացերեն սովորում մեկ տարի շարունակ՝ վճարելով դրա համար 2 250 լարի [մոտ $700]։ Եվ արդեն մեկ տարի անց շարունակում են ուսումը բակալավրիատի իրենց նախընտրած մասնագիտությամբ՝ առանց քննություն հանձնելու։

Այդ ծրագիրը զգալիորեն փոխել է Ջավախքի երիտասարդության ընտրությունը։

2010 թ-ին «1+4 ծրագրով» վրացական բուհեր է ընդունվել 247 ոչ վրացի, 2021 թ-ին՝ 1 331։

Սակայն փոփոխությունները նախկինի պես դանդաղ են ընթանում։ Դպրոցն ավարտելուց հետո Ջավախքի երիտասարդության առջև մինչ օրս կանգնում է Վրաստանում ուսումը շարունակելու հարցը։

Ախալքալաքի բնակիչ Ռիմա Մարանգոզյանը Թբիլիսիում է սովորել, Հասարակական հարաբերությունների ինստիտուտի (GIPA) լրագրության մագիստրոսի կոչում ունի։

Ռիմայի դասարանում 17 աշակերտ է եղել։ Նրանցից չորսն ուսումը շարունակել են Թբիլսիում, մեկը՝ Երևանում։ Ռիման էլ է ուզել Երևան մեկնել, սակայն ընտանիքը չի թողել։ Հիմա նա շատ լավ գիտի վրացերեն․

«Նախապատրաստական կուրսը թեթև էր։ Այդ տարի քիչ բան սովորեցի, միայն քերականությունը։ Խոսակցական բազաս շատ փոքր էր, այդ պատճառով էլ առաջին կուրսն ինձ համար ծանր էր։ Դա մղձավանջ էր, չէի կարողանում հասկանալ, թե ինչ են խոսում դասախոսները։ Օր ու գիշեր սովորում էի։ Երկրորդ տարին համեմատաբար հեշտ էր, իսկ երրորդ կուրսից արդեն բառարան էլ պետք չէր»։

Հայկանուշ Ղարաբեկյանը 20 տարեկան է, նա լեզվաբանություն է ուսումնասիրում Երևանի Ռուս-հայկական համալսարանում։ Հայկանուշն ավարտել է Ախալքալաքի երկրորդ ռուսալեզու դպրոցը, այդ պատճառով էլ Երևանն է ընտրել, որտեղ սովորում է ռուսական բաժնում։

«Ես դիմել էի նաև Թբիլիսիի պետական համալսարան, սակայն արդյունքում՝ ընտրեցի Երևանը», - ասում է Հայկանուշը։

Նրա խոսքով՝ արդեն մի քիչ սկսել է մոռանալ վրացերենը, որը դպրոցում է սովորել․ «Այժմ ապրում եմ հիմնականում Հայաստանում։ Եթե լեզուն լավ գիտես, պետք է անընդհատ խոսես, պետք է շփվես, իսկ մենք շփում չունենք»։

Այժմ Ռոզան, Նարինեն ու Վերոնիկան ընտրության առջև են․
«Եղբայրս սովորում է Թբիլիսիի Ջավախիշվիլիի համալսարանում։ Ես էլ եմ ուզում այնտեղ սովորել», - ասում է 17-ամյա Վերոնիկա Պետրոսյանը, որը մեկ տարի անց պետք է համալսարան ընդունվի։ Իսկ մինչ այդ նա փորձում է ավելի լավ սովորել վրացերենը։

Ռոզայի ընտանիքն ասել է, որ նա պետք է ինքը որոշի, թե որտեղ շարունակել ուսումը։

Ռոզան ընտրել է Վրաստանը․ «Ես այստեղ եմ ծնվել, այստեղ են ընկերներս, այդ պատճառով էլ ուզում եմ այստեղ սովորել»։

Նարինեն էլ է ուզում ուսումը շարունակել Վրաստանում․ «Ագականներիս մեծ մասն ապրում է Հայաստանում և Ռուսաստանում։ Բայց ես սիրում եմ Վրաստանը՝ իմ երկիրը, և չեմ ուզում ուրիշ երկիր տեղափոխվել»։

27-ամյա Տիգրան Թարզյանը տեղացի ակտիվիստ է։ Նա ապրում է Նինոծմինդայի Ուչմանա գյուղում և բլոգ է վարում Ջավախքի կյանքի մասին։

Տիգրանն ասում է, որ Ջավախքի խնդիրների արմատը պետական լեզու չիմանալն է։ Այստեղ լեզվի ուսումնասիրման համար միջավայր չկա, դասից դուրս վրացերենը չի օգտագործվում․

«Երեխաները վրացերեն են ուսումնասիրում դպրոցում 12 տարեկանից և մինչ օրս չեն տիրապետում դրան։ Ինչո՞ւ։ Որովհետև միջավայր չկա։ Լավ կլիներ, եթե գործնական դասեր էլ լինեին, դրանք մեզ պետք են, որովհետև մենք հայերեն ենք խոսում ամենուրեք՝ գյուղում, տանը, դպրոցում։ Դուք չեք կարող օրական մի ժամ կամ 40 րոպե դաս անելով՝ լեզու սովորել»։

Ջավախքում 86 դպրոց կա։ Երկու ամենախոշոր դպրոցները, որտեղ շատ աշակերտներ են սովորում, ռուսալեզու են։

Նինոծմինդայի և Ախալքալաքի 86 գյուղերից միայն 22-ում մանկապարտեզներ կան։

ՄԱՍ IV

Ռուսական հեռուստաալիքներ
Ջավախքի բնակիչների մեծ մասն ամեն օր դիտում է ռուսական կամ հայկական հեռուստաալիքներ։ Վրացերեն այստեղ գրեթե ոչ ոք չգիտի, այդ պատճառով էլ վրացական ալիքներ չեն դիտում։

Հունվարի 20-ն է, երեկո, փողոցում ցուրտ է՝ -11 աստիճան։

Հայկազար Ալվանյանը տարեց մոր հետ տանը նստած հեռուստացույց է դիտում։ Նրա կինը՝ Նադյա Ղազարյանը, խոհանոցում հայկական ապուր է պատրաստում։ Վառարանի մոտ գեր կատու է պառկած։ Երեկոյան լուրերի թողարկումն է «Ռոսիա-24» հեռուստաալիքով։ Հաղորդավարը խոսում է Մոսկվայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին։ Սա այն ժամանակահատվածն է, երբ ողջ աշխարհը սպասում է ռուսական ներխուժմանն Ուկրաինա։

«Ջո Բայդենը նախկինի պես սպառնում է Ռուսաստանին, ամերիկյան նոր տեխնիկա է մոտենում Ռուսաստանի սահմաններին, իսկ Մոսկվային մեղադրում են ագրեսիայի մեջ», - ասում է հաղորդավարը։

«Անհնար է հասկանալ՝ ով է սուտ խոսում, ով՝ ոչ։ Նրանք պայքարում են միմյանց դեմ։ Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին, Ռուսաստանն՝ Ամերիկային։ Յուրաքանչյուր կողմն իր ճշմարտությունն ունի։ Միշտ էլ այդպես է եղել, Ռուսաստանն ու Ամերիկան չեն կարողանում որոշել՝ ով որ հատվածն է ուզում վերահսկել աշխարհում», - ասում է Հայկազարը։

Ըստ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) 2021 թ-ի ապրիլին անցկացրած հարցման՝ ոչ վրացական հեռուստաալիքներ դիտող հարցվածների 40%-ը Վրաստանի հայկական բնակավայրերից է։ Ցանկում առաջին չորս տեղերը զբաղեցնում են ռուսական ալիքները։

«Մենք մանկուց ենք ռուսական ալիքներ դիտում, ողջ ընտանիքը հասկանում է այդ լեզուն»։

Ընթրելիս ընտանիքը խոսում է երեխաների ապագայի մասին։ Նրանք երկուսն են, երկուսն էլ սովորել են Երևանում։ Նադյան ասում է, որ իր ավագ որդին, որն այժմ ծրագրավորող է աշխատում Երևանում, պետք է Ռուսաստան մեկնի․ «Ասում են, որ այդ մասնագետների աշխատավարձն այնտեղ ավելի բարձր է»։

«Օրինակ՝ մի դեպք եմ հիշում․ կարտոֆիլը վարակվեց ֆիտոֆտորոզով, և ստիպված եղանք գերմանական դեղամիջոցներ գնել։ Բայց տեղի ֆերմերներն ասացին․ «Մեզ ծանոթ չէ այդ միջոցը, Կրասնոդարում [Ռուսաստանում] այն չի օգտագործվում»։ Նրանք ռուսական ալիքներ են դիտում, որ տեղեկություններ ստանան, թե ինչպես խնամեն տնկիները», - ասում է տեղի ակտիվիստ և «Բիզնես-ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Մահարե Մացուկատովը։

ՄԱՍ V

Կորցրած քաղաքացիություն
Ջավախքի հազարավոր բնակիչներ Վրաստանի քաղաքացիություն չունեն։ Դա երկու պատճառ ունի․ նրանցից ոմանք հրաժարվել են վրացական քաղաքացիությունից, երբ աշխատանքի են անցել Ախալքալաքի ռազմաբազայում։ Մյուս մասը քաղաքացիությունից զրկվել է մի քանի տարի առաջ բոլորովին պատահական, որպեսզի չկորցնի Ռուսաստանում աշխատելու հնարավորությունը։

Կամո Սիմոնյանն ապրում է Ժդանով գյուղում։ Ողջ կյանքը Ռուսաստան է մեկնել՝ ընտանիքը պահելու համար։

Մինչև 2006 թ-ը Ռուսաստան մեկնելը հեշտ էր։ 2006 թ-ի ռուսական էմբարգոյի, այնուհետև՝ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմի հետևանքով Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փչացան, և երկու երկրների մարդկանց համար էլ դժվարացան այցելությունները։

Այն ժամանակ Հայաստանում արդեն գործում էր երկքաղաքացիության մասին օրենքը։ Հայաստանն առանց խնդրի քաղաքացիություն է տրամադրում հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք բնակվում են աշխարհի ցանկացած կետում։

Այդ պատճառով էլ հազարավոր ջավախահայեր արդեն սահմանը հատելիս հայտնաբերեցին, որ արդեն Վրաստանի քաղաքացի չեն։
2013 թ-ին Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ արվեցին, և բոլոր նրանք, ովքեր այլ երկրի քաղաքացիություն ունեին, ինքնաբերաբար զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից։

Սակայն Ջավախքի բնակիչներին այդ փոփոխությունների մասին ոչ ոք չէր զգուշացրել։

Սա նշանակում է, որ Ջավախքում հազարավոր մարդիկ չեն կարող օգտվել պետական ծրագրերից կամ մասնակցել ընտրություններին։

Վերջին երկու տարում, երբ մոլեգնում էր համավարակը, պետությունը նույնիսկ չէր ֆինանսավորում նրանց բուժումը։

«Այդ մարդիկ ուզում են վերադարձնել իրենց քաղաքացիությունը։ Նրանք այստեղ են ծնվել, ապրել, քաղաքացիություն են ունեցել։ Նրանք չեն ցանկացել Ռուսաստան մեկնել, դա հարկադրված քայլ է եղել՝ ապրուստի միջոց վաստակելու համար», -

ասում է Հարութ Մալխասյանը։
Անցյալ տարի Հարութը մի քանի ընկերների հետ Ջավախքում հասարակական կազմակերպություն է հիմնել։ Առաջին հարցը, որ նրանք մտադիր են լուծել, շրջանի բնակիչներին քաղաքացիություն վերադարձնելն է։

Թե քանի մարդ է առանց քաղաքացիության մնացել, հստակ թվեր չկան։

Ըստ որոշ գնահատկանների՝ այդ թիվը տատանվում է 3-28 հազարի միջև։

Քաղաքացիության վերականգնման համար հայտատուները պետք է պետական լեզվի իմացության թեստ հանձնեն։

Թեստը կազմված է 200 հարցից։ Հայտատուից պահանջվում է իրավունքի հիմունքների, Վրաստանի պատմության և վրացերենի ընդհանուր իմացություն։

Կամո Սիմոնյանը երկու անգամ քննություն է հանձնել, երկուսն էլ՝ անհաջող։

«Ես Վրաստանում եմ ապրում արդեն 64 տարի, այստեղ եմ ծնվել ու մեծացել։ Այս տարիքում ինչպե՞ս վրացերեն սովորեմ։ Շատ դժվար է համակերպվել, որ արդեն Վրաստանի քաղաքացի չեմ», - ասում է Կամո Սիմոնյանը տեղական «9-րդ ալիք»-ին։


Գրեթե անհնար է, որ բոլորն, ովքեր այստեղ քաղաքացիության խնդիր ունեն, կարողանան հանձնել այդ թեստն, ասում է Հարութը։

Ջավախքի հասարակական կազմակերպությունն արդեն նամակ է ուղղել Վրաստանի նախագահին և ժողովրդական պաշտպանին։ Կազմակերպությունը պահանջում է, որպեսզի այդ խնդիրն ուսումնասիրվի։ Սակայն նախագահի վարչակազմում շատ լավ գիտեն խնդրի մասին։

Սալոմե Զուրաբիշվիլին դեռևս միայն նախագահի թեկնածու էր, երբ Ջավախք այցելելիս խոստացավ տեղի բնակիչներին լուծել խնդիրը։

Զուրաբիշվիլին անգամ հակաթուրքական հայտարարություն էր արել՝ տեղի հայերին ասելով, որ նախկին նախագահ Սաակաշվիլին «քաղաքացիություն է բաժանել շատ թուրքերի, բայց ոչ Ջավախքի բնակիչներին»։

Զուրաբիշվիլին Ջավախքում ստացել է տեղի բնակիչների ձայների 60%-ը, սակայն այլևս չի հիշում քաղաքացիություն չունեցող ջավախահայերի մասին։

Հարութը կարծում է, որ այդ մարդկանց քաղաքացիություն վերադարձնելու ընթացակարգը պետք է պարզեցվի։

«Մարդկանց վրացական քաղաքացիությունից զրկել ու թողնել, որ նրանք այստեղ ապրեն՝ որպես Ռուսաստանի քաղաքացիներ, աբսուրդ է։ Ես դա չեմ հասկանում։ Դա ևս պաթյունավտանգ իրավիճակ է ստեղծում Ջավախքում», -

ասում է Առնոլդ Ստեփանյանը։

Արդյո՞ք Ջավախքի կախվածությունը Ռուսաստանից սպառնալիք է

«Վաղը Ջավախքում կարող են հուզումներ սկսվել, և այն կարող է ցանկանալ դուրս գալ պետության կազմից։ Ինչպես արդեն վարվել են Աբխազիան ու Սամաչաբլոն [Հարավային Օսիան]», -
ասում է Մահարե Մացուկատովը։
«Սոցիալական արդարության կենտրոնի» «Հավասարություն» ծրագրի տնօրեն Թամթա Միկելաձեն ասում է, որ Ջավախքի այս խիստ մեկուսացման և մարգինալացման համար պատասխանատվությունը կրում է պետությունը։

Նրա կարծիքով՝ ռուսական սպառնալիքի ընկալումները մի քիչ չափազանցված են, և պետությունը դա օգտագործում է ընդդեմ հայ համայնքի․

«Սա պետության կողմից լքված շրջան է, որտեղ մարդիկ փորձում են ապրել այն պայմաններում, որոնք կան։ Իսկ ջավախահայերին ասում են, թե նրանք շահեր ունեն Ռուսաստանում։ Բնականաբար, եթե պետությունը նրանց համար զբաղվածության և Վրաստանում գումար վաստակելու հնարավորություն ստեղծեր, այդ շրջանում այսքան խնդիր չէր լինի»։
«Ռիսկեր այս շրջանում, իհարկե, կան և միշտ էլ եղել են», — ասում է Առնոլդ Ստեփանյանը՝ նշելով, որ պետական քաղաքականությունը պետք է պրագմատիկ լինի, բայց երկարաժամկետ ուղղվածություն ունենա, ոչ թե կարճաժամկետ․

«Եթե դուք իշխանության ղեկին եք, պետք է մտածեք ոչ միայն այն մասին, թե ինչ է կատարվում ձեր կառավարման փուլում, այլև այն մասին, թե ինչ ճակատագիր է սպասվում երկրին ապագայում։ Այս երկրում միշտ ինչ-որ բան է կատարվում, տրամադրություններն էլ մոտավորապես այսպիսին են․ ի՞նչ ժամանակն է հիմա փոքրամասնությունների հարցով զբաղվելու համար։ Այդ պրագմատիկ մոտեցումը կարելի է հասկանալ․ եկեք դեռևս ապահովենք այս շրջանի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի ոչինչ տեղի չունենա, մինչև որ ինտեգրացիոն գործընթաց կսկսենք։ Բայց դա սխալ մոտեցում է»։


Նախագծի վրա աշխատել են՝

Սոֆո Բուկիա՝

գաղափարի հեղինակ, խմբագիր
sophobukia@gmail.com
Նինո Նարիմանիշվիլի՝
տեքստի հեղինակ, լրագրող

Դավիթ Պիպիա՝

լուսանկարներ և տեսանյութեր
david.pipia@gmail.com

Ռիմա Ղարիբյան՝

խորհրդատու

rgaribyan@gmail.com


Made on
Tilda