Ղարաչինար գյուղը, որը երկու պատերազմ է վերապրել

Տեղի բնակիչների մի մասը սպասում է Քելբաջար տեղափոխվելուն, մյուս մասը՝ գյուղի զարգացմանը

«2020 թ-ի պատերազմից հետո ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթահարել ընկճախտը։ Նախկինում այնքան ուրախ մարդ էի, ամեն ինչի համար կարող էի ուրախանալ՝ արևածագի, մայրամուտի, ցանկացած մանրուքի։ Իսկ այժմ կարծես մոռացել եմ, թե ինչ է լիաթոք ծիծաղելը», – ասում է Վազիֆան։ Կարծում եմ՝ նա իր նկատմամբ անարդար է․ չնանյած ողջ վերապրծին՝ այս կինն իր լավատեսությունը չի կորցրել։

46-ամյա Վազիֆա Գուլիևան ապրում է Ղարաչինարում՝ Ադրբեջանի Գերանբոյի շրջանի փոքր գյուղերից մեկում։

Ղարաչինար գյուղը տեղակայված է Մուրովդաղ լեռան ստորոտում։ Ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով, այստեղ գրեթե բոլոր տների դարպասների մոտ «Նիվա» է կանգնած․ ուրիշ մեքենաներով լեռնային տեղանքով երթևեկելը դժվար է։ 2009 թ-ի մարդահամարի տվյալներով՝ գյուղում մոտ 150 տուն կա, դրանցում ապրում է մոտ 400 մարդ։ Տեղի բնակչությունը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, ինչպես նաև գյուղատնտեսության մյուս ճյուղերով՝ մեղվապահություն, բանջարաբուծություն, այգեգործություն։ Իրենց ապրանքը վաճառում են Բաքվում, Գերանբոյում և հարևան շրջկենտրոններում։

Վազիֆայի խոսքով՝ եթե չծուլանաս, այս գյուղում միշտ կարող ես օրվա հացդ վաստակել։

«Աշխատանքն, իհարկե, հեշտ չէ, բայց եթե բնությունն ու կենդանիներին սիրում ես, ուզում ես արդար աշխատանքով մեծացնել երեխաներիդ, և էությամբ ճարպիկ ես, գյուղատնտեսական աշխատանքով կարելի է լավ էլ գումար վաստակել։ Մենք կով ենք պահում և տարբեր կաթնամթերք պատրաստում վաճառքի։ Բացի դրանից, փեթակներ ունենք, մեղր ենք հավաքում։ Եվ մեր սեղանի ողջ բանջարեղենը մեր սեփական բանջարանոցից է»։
Նոր կյանք՝ առաջին պատերազմի փլատակներում

Ղարաչինար գյուղը Քելբաջարի շրջանի հարևանությամբ է, որը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անցել է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ երկրորդի ժամանակ՝ վերադարձվել։ Այդ պատճառով էլ երկու պատերազմների ընթացքում այս գյուղը դաժան մարտերի գոտում էր, թեև Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել։


Առաջին պատերազմից առաջ այստեղ հայերն ու ադրբեջանցիները միասին են ապրել, հետո հայկական բնակչությունը ստիպված է եղել հեռանալ, երբ երկրները փախստականներով են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության սրացման ժամանակ՝ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին։ Ղարաչինարում սկսել են ապրել փախստականներ Հայաստանից և բռնի տեղահանվածներ Քելբաջարի շրջանից։ Վազիֆա Գուլիևան նրանցից մեկն է։


Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Ղարաչինարում, կարելի է ասել, ոչ մի անվնաս տուն չի մնացել։ Եվ, թեև այստեղ նոր տներ են կառուցվել, 1990-ականների սկզբին վնասվածները չեն վերականգնվել և նախկինի պես փլատակներ են։ Այնպես որ, այժմ գյուղը փլատակների և նոր շինությունների ամբողջություն է։

2020 թ-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ գյուղը նաև հրետակոծվել է։ Վնասվել է շուրջ 40 տուն, այդ թվում՝ Գուլիևների տունը։

«Պարզվում է՝ մենք ինքներս պետք է ինչ-որ տեղ դիմեինք և հայտնեինք մեզ հասցված վնասի մասին։ Բայց մենք դա չգիտեինք, այդ պատճառով էլ ոչ ոք մեզ չի օգնել տունը վերականգնել։ Ամեն ինչ ինքներս ենք արել», – ասում է Վազիֆա Գուլիևան։
«Հեռախոսակապ չեն անցկացնում, որովհետև շատ հեռու ենք»

Վազիֆայի խոսքով՝ 2020 թ-ի աշնանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, բնակիչների մեծ մասը լքել է գյուղը և ավելի անվտանգ վայր տեղափոխվել։ Այստեղ գրեթե ոչ ոք չի մնացել՝ Վազիֆայից և նրա ամուսնուց բացի։


«Ճիշտն ասած, իմ կամքը լիներ, ես էլ այստեղից կհեռանայի։ Շատ սարսափելի էր։ Ամեն րոպե արկ էր ընկնում։ Բայց ամուսինս չէր ուզում հեռանալ։ Ասում էր, որ եթե պետք է մեռնենք, մահը մեզ ամեն տեղ կհասնի, իսկ եթե չպետք է մեռնենք, այստեղ էլ ոչինչ չի պատահի։ Մյուս կողմից, որդիս կռվում էր, բոլոր մտքերս նրա հետ էին»։

Գուլիևները երկու երեխա ունեն։ Ավագ դուստրն ամուսնացած է, ապրում է Բաքվում և արդեն ծնողներին թոռնիկ է նվիրել։ Իսկ որդին՝ Բախտիարը, պատերազմի հենց սկզբից որպես կամավոր ճակատ է մեկնել, վիրավորվել է և մինչև հիմա բուժվում է։

«Նա բեկորային վնասվածք է ստացել։ Վիրահատել են, երեք բեկոր են հանել, մյուս երկուսը շատ վտանգավոր տեղում են, բժիշկները ռիսկ չեն անում ձեռք տալ։ Բայց ամենավատը դա չէ, այլ գանգուղեղային վնասվածքը։ Դրա պատճառով նա շատ նյարդային է դարձել։ Մի ակնթարթում կարող է հունից դուրս գալ։ Միայն «Tik-Tok»-ն է նրան շեղում և հանգստացնում», – ասում է Վազիֆան։

Սակայն Գուլիևների տունը գյուղի ծայրում է, և երբ պատերազմի բոլոր վետերանների համար հեռախոսակապ էին անցկացնում, հերթը նրանց չի հասել։ Այդ պատճառով էլ նրանք Wi-Fi չունեն.

«Գրեթե ողջ նպաստը, որը որդիս ստանում է՝ որպես վետերան, ծախսվում է ինտերնետի վրա։ Ի՞նչ անես, եթե միայն ինտերնետն է նրան օգնում հանգստանալ։ Ես գնացի, խնդրեցի, որ մեզ, թեկուզ հեռու ենք ապրում, կապ քաշեն։ Մենք նույնիսկ պատրաստ էինք ինքներս վճարել մալուխի համար։ Բայց բան դուրս չեկավ»։

Ռազմական առօրյա

Պատերազմի օրերին, անգամ գյուղում մենակ մնալով, նրանք չեն փոխել իրենց առօրյան․


«Ամեն առավոտ զարթնում էի, կով կթում, անսուններին խնամում, ինչպես խաղաղ օրերին։ Հավերով էի զբաղվում, ոչ միայն իմ, այլ նաև հարևանների։ Գյուղը լքածների մեծ մասն ինձ խնդրել էր տիրություն անել իրենց տներին և անասուններին։ Ես նրանց կերակրում էի, բայց դուրս չէի թողնում, որ հանկարծ մի բան չլինի։ Մոտ տասը կով ենք կորցրել ռմբակոծության ժամանակ»։

Պատերազմից առաջ նրանց տնտեսությունում ավելի քան 30 կով է եղել, իսկ հիմա մնացել է երկու տասնյակ։ Վազիֆան շատ է ափսոսում իր կովերը։ Դրանցից յուրաքանչյուրին սիրում էր։ Ղարագյոզը, Մարջանը, Թելին, Մայան, Սուլխանան, Արունին, Բեզեքը, Մամուլը, Նարգիզը և մյուսները․ յուրաքանչյուրին հիշում է անուններով։ Ասում է, որ կովերն էլ են հասկանում, երբ իրենց լավ ես վերաբերվում։


«Կով կթելուց հետո հաց էի թխում, հետո՝ ճաշ պատրաստում։ Թեև այն օրերին նորմալ սեղան էլ չէի գցում, մենք ուտում էինք միայն, որ սոված չմնանք։ Բայց գյուղի ծայրին հրետանային բրիգադ կար, և ես զինվորների համար ուտելիք էի պատրաստում, իսկ ամուսինս տանում էր։ Չէ՞ որ որդիս էլ էր ճակատում, իսկ ես չգիտեի նույնիսկ՝ կուշտ է, թե սոված»։


Վազիֆա Գուլիևան ասում է, որ այն ժամանակահատվածում ամուսինն իր մեքենայով նույնպես օգնել է մարտի դաշտից դուրս բերել վիրավորներին և զոհերի մարմինները։ Բայց տանն այդ մասին ոչինչ չի պատմել։

Իր հուն վերադարձած կյանքն ու ապագայի հույսերը

Պատերազմը համընկել է աշնանային բերքահավաքի հետ։ Բայց ոչ ոք բերքը չի հավաքել, և բոլոր մրգերը փտել են ծառերի վրա։


«Պատերազմն ավարտվեց, ամեն ինչ հանդարտվեց, այդ ժամանակ էլ հենց հիշեցինք մրգատու ծառերի մասին և տեսանք, որ բերքը փչացել է։ Պնդուկը թափվել էր և փչացել։ Միայն մի զամբյուղ խնձոր կարողացանք հավաքել», – ասում է Վազիֆան։


Տեղի բնակիչների վերադարձից հետո կյանքը նույնպես իր հուն է մտել։ Բայց աչքի է զարնում այն, թե ինչպես է փոխվել տրամադրությունը։ Վազիֆան ասում է, որ նախկինում բոլորը տներ էին կառուցում, բարեկարգում իրենց բակերը, ձգտում ավելի լավ պայմաններ ստեղծել։ Իսկ հիմա բոլորը կարծես ինչ-որ բանի են սպասում։








«Մենք ինքներս էլ մեր տունը վերանորոգում ենք, որ վաճառելու դեպքում նորմալ գումար տան։ Աստված տա՝ վաճառենք և Քելբաջար տեղափոխվենք։ Իսկ այնտեղ մեզ փող պետք կլինի, որ տեղավորվենք։ Այստեղի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվածներ են։ Բոլորը սպասում են այն օրվան, թե երբ են կարողանալու հայրենի բնակավայրեր տեղափոխվել»։

Իսկ մեզ Բաքու հետ տանող տաքսու վարորդը, պարզվեց, փախստական է Հայաստանից։ Նա հույս չունի վերադառնալ այնտեղ, որտեղ ծնվել է, պլանավորում է կյանքն անցկացնել Ղարաչինարում և գյուղի ապագայի վերաբերյալ մեծ հույսեր ունի։


«Այն բանից հետո, երբ ազատագրված հողերն ականներից մաքրեն, դրանք կբարեկարգվեն։ Սուղովուշանը զբոսաշրջային դրախտի կվերածվի։ Այնտեղի տեսարանը հիասքանչ է։ Անտեղ հյուրանոցներ, ռեստորաններ կկառուցեն։ Տեղի և օտարերկրյա զբոսաշրջիկներ կգան, և նրանք բոլորն էլ գալու են Ղարաչինար։ Իսկ դա նշանակում է, որ գյուղը զարգանալու է։ Մարդիկ կարողանալու են հյուրանոցներին և ռեստորաններին իրենց ապրանքը վաճառել։ Զբոսաշրջիկներն էլ տեղացիներից ինչ-որ բաներ կգնեն։ Կարծում եմ՝ մեզ լավ բաներ են սպասվում»։

Հեղինակ
Սամիրա Ահմեդբեյլի

Լուսանկարները՝
Իսա Մուսաևի
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։
Made on
Tilda